Երեւանի քաղաքպետարանը թափառող կենդանիների խնդիրը լուծում է նրանց ոչնչացնելով, մինչդեռ կենդանասերները ասում են, որ դա ոչ միայն խնդրի լուծում չէ, այլեւ խնդրի սրացում է:
«Հնարավոր չէ ոչնչացնել այն շներին, որոնք ուժեղ են եւ ագրեսիվ, հետեւաբար` ոչնչացվում են թույլերը, իսկ ագրեսիվները կենդանի են մնում եւ բազմանում են կրկնակի արագությամբ`պահպանելով ագրեսիվ գենը»,- ասում է Propose» կենդանիների պաշտպանության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը, առաջարկելով կենդանիներին ոչ թե ոչնչացնել, այլ` ստերջացնել:
Նրա ներկայացմամբ, մեկ շուն ստերջացնելու համար հարկավոր է 5000-25000 դրամ` կախված քաշից: Կենդանասերները պատրաստ են իրենց միջոցներով ստերջացնել ընդամենը 5000 դրամով եւ պատվաստումները անել 1000 դրամով:
Արամյանը նշեց նաեւ, որ միջազգային փորձագետները եւ տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ կենդանիներին ոչնչացնելը սխալ ռազմավարություն է, քանի որ այդպես շների քանակն ավելանում է, իսկ տեսակը` ագրեսիվանում է:
Ադրբեջանը կարողացել է իր իշխանությունների հետ համաձայնության գալ եւ համոզել նրանց կենդանիներին չոչնչացնել, եւ արդեն 5 տարի է միջազգային կառույցները ֆինանսական միջոցներ են տրամադրում Ադրբեջանին` խնդրին լուծում տալու համար: Նարե Արամյանի խոսքով` եթե մեր երկրում էլ ընտրեն թափառող կենդանիների խնդրի լուծման այլ մեթոդ, ոչ թե ոչնչացումը, ապա միջազգային կառույցները կօգնեն նաեւ մեզ:





























