ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/ եւ նրանց ուղեկցող անձանց:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նա նշել է, որ միջնորդների խաղարարար ջանքերին հակառակ Ադրբեջանը շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը խոչընդոտում է ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլ առհասարակ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը կողմերի միջեւ: Դա եւ շփման գծի ողջ երկայնքով զինադադարի ռեժիմի խախտումներն են, եւ տարբեր իրադարձությունների խեղաթյուրված ներկայացումը, եւ մարդասիրական խնդիրների միտումնավոր քաղաքականացումը: Վերջինիս շարքին է նախագահը դասել համանախագահների կողմից իրականացված դաշտային առաքելության եւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման շուրջ Ադրբեջանում չդադարեցվող շահարկումները:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:





























