Հայ արիները մտադիր են մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին եւ տեղեր զբաղեցնել խորհրդարանում:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը կոչ են անում Հայաստանի եւ Սփյուռքի ազգայնական ուժերին, «միանալ ու աջակցել Հայաստանի ԱԺ-ում հայ ազգայնականության ներկայացուցիչների ընտրվելու գործընթացին, ինչի հաջողության դեպքում հայ ազգայնականներն առավել անմիջական ազդեցություն կունենան արտաքին եւ ներքին խնդիրները կարգավորելու գործում»:
Բոլոր բանակցություններն ու օժանդակությունները` քարոզչական, կազմակերպչական կամ նյութական, կկատարվեն ՀԱՄ-ի կենտրոնական գրասենյակից:
Հայ արիների հայտարարության մեջ նաեւ նշվում է.
«Հայության առջեւ ծառացած հին ու նոր խնդիրները վերստին սրվել են համաշխարհային վերաբաժանումների ընթացող այս փուլում: Արեւմուտքը, վաղուց է, ինչ միանձնյա տնօրինում է այդ վերաբաժանումների ընթացքը, քանի որ աշխարհում դեռեւս բացակայում է երկրորդ հավասարազոր բեւեռը:
Արեւմուտքը տնօրինում է ընթացքը, սակայն միշտ եւ ամենուր չէ, որ հասնում է իր նպատակներին: Այն երկրներում, որտեղ բարձր է ազգային գիտակցությունն ու անկախ լինելու ձգտումը, երբեւէ ոչ մի համաշխարհային բեւեռ չէ կարողացել լիովին թելադրել իր կամքը եւ գնացել է փոխզիջումների:
Այս ամենը չեն կարող չանդրադառնալ նաեւ Հայաստանի ու հայության ներքին կյանքին եւ արտաքին ձգտումներին: Ուստի Հայաստանի ազգայնականները, ովքեր միշտ պատրաստ են հայրենիքի ու հայության գերշահերը վեր դասել ամեն ինչից, պատրաստվում են իրենց գործելաոճով նոր լիցք հաղորդել հայ ազգայնական շարժմանը»:





























