Հանրապետական կուսակցության երիտասարդներն այսօր` ապրիլի 14-ին Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում կազմակերպել են «Իմ արյունը, քո արյունն է» խորագրով  արյունատվության ակցիան:

Միջոցառման ընթացքում Խ. Աբովյանի անվան պետական Մանկավարժական համալսարանի 120 եւ ավելի ուսանողներ արյուն են տվել:

«Հայաստանն աշխարհի այն երկրների թվում է, որտեղ արյունը հավաքվում է ինչպես անվարձահատույց, այնպես էլ վճարովի դոնորներից:

Նմանատիպ ծրագրերի միջոցով հասարակության մեջ անհրաժեշտ է արմատավորել այն գաղափարը, որ դոնորությունը մարդասիրական քայլ է, ինչի շնորհիվ հնարավորություն է ընձեռնվում փրկել հազարավոր մարդկանց կյանքեր: Անհրաժեշտ է, որ միշտ ուշադրության կենտրոնում լինեն երիտասարդ դոնորները, որոնք կարող են մեծ ներդրում ունենալ` հանձնելով արյուն եւ կոչ անելով երիտասարդությանը դառնալ արյան դոնոր: Իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված ակցիան ուղղված էր հենց այս նպատակի իրագործմանը»,- ասված է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: