Հայաստանը հաճախ ամենաչնչին, երբեմն էլ զավեշտալի պատճառներով զրկվում է ինտերնետից։ Ինտերնետի խափանման պատճառների մասին պաշտոնական հաղորդագրությունները երբեմն հասնում են աբսուրդի ու հատում երեւակայության սահմանները։ Վրաստանում 75-ամյա տատիկի հետ կապված վերջին պատմությունները ինտերնետի խափանման վերաբերյալ այդ ամենի գագաթնակետն էին։

Հարց է առաջանում՝ որքանո՞վ են Հայաստան մտնող ինտերնետային կապուղիները համապատասխանում են անվտանգության չափանիշներին եւ ընդհանրապես, ո՞վ է վերահսկում կապուղու անվտանգությունը։ Այս եւ այլ հարցերը պարզելու համար NEWS.am- ի թղթակիցը զրուցեց մասնագետների եւ պաշտոնյաների հետ։

Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանն ասաց, որ արտաքին կապուղիների վերահսկողության հնարավորություն Հայաստանը չունի, իսկ ներքին կապուղիները վերահսկում են կապուղիների սեփականատեր ընկերությունները։

«ԱրմենՏելի» մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը տեղեկացրեց, որ ներքին կապուղիների նկատմամբ պարբերաբար վերահսկողություն է իրականացվում, պահպանվում են անվտանգության նորմերը եւ կապուղիների համար որոշված տեխնոլոգիական չափանիշները։

«Հայաստանում ամենամեծ խնդիրը կապուղիների վնասումն ու գողությունն է բնակչության կողմից, քանր որ պղինձը թանկ մետաղ է»,- ասաց Ա. Բեղլոյանը։ Խնդիրը բարդանում է նրանով, որ ընկերությունն ունի մոտ 1300կմ մայրական կապուղի, որի ամբողջական վերահսկումը ընկերության ուժերով անհնար է։ «ԱրմենՏելը» առաջարկել է կառավարությանը՝ կապուղիների վերահսկմանը օրենսդրական կարգավորում տալ։ Ըստ Ա. Բեղլոյանի՝ առաջարկությունը վարչապետի կողմից ընդունվել է եւ արդեն համապատասխան հանձնարարականներ են տրվել։ 

«ԱրմենՏել»-ն ունի 4 արտաքին կապուղի, մեկը՝ Իրանով, երեքը՝ Վրաստանի տարածքով են անցնում։ «Կապուղիները թեեւ առանձին են, սակայն որոշ վայրերում կարող են հատվել, ուստի մեկի խափանման ժամանակ ինտերնետի արագությունը նվազում է նաեւ մյուս կապուղիներում։ Հաշվի առնելով արտաքին կապուղիների հաճախակի վնասման վերջին դեպքերը՝ «ԱրմենՏելը», հնարավոր է, եւս մեկ արտաքին կապուղի ռեզերվացնի»,- ասաց Ա. Բեղլոյանը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ պետք է լրջորեն մտածել մեր կապուղիների պաշտպանվածության մասին, քանի որ Հայաստանը շրջափակման մեջ է, եւ կա պատերազմի հավանականություն։ Նա կասկածելի համարեց մարտի 28-ին Հայաստանի արտաքին կապուղու վնասման կապակցությամբ, Վրաստանի ոստիկանության ներկայացրած մեղավորին, որը 75-ամյա պղինձ որոնող կին է։

«Կապուղիների անվտանգության խնդիրը մի քանի տարի առաջ ավելի լուրջ բնույթ էր կրում, եւ ինտերնետ կապից ավելի երկար ժամանակ էինք զրկված լինում։ Այժմ արտաքին կապուղիներն ավելի շատ են եւ դիվերսիֆիկացված են՝ եւ Վրաստանից են մտնում, եւ Պարսկաստանից։ Դա ունի իր դրական ազդեցությունը, սակայն փաստն այն է, որ դրանք եւս կարող են վնասվել»,-ասաց Ս. Մարտիրոսյանը։

Նրա կարծիքով՝ պետք է մտածել նաեւ արբանյակային կապի մասին, որը սակայն ավելի թանկ արժե։