Առաջին ատյանի դատարանն իր լիազորությունների շրջանակից դուրս է եկել: Այս մասին ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ ներկայացնելով վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք, որ բողոքը վերաբերում է առաջին ատյանի դատարանի որոշմանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու մասին: Փաստաբանների տրամադրության տակ է փոխանցվել ընդհանուր գործի նյութերի մի մասը՝ այն մասը, որը դատախազության կարծիքով կապ ունի Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ առանձին վարույթի հետ: Փաստաբանները նման մոտեցման հետ համաձայն չեն՝ համարելով , որ նյութերը ընտրողաբար են տրամադրվել եւ ընդհանուր գործում կարող են նյութեր պարունակվել, որոնք Քոչարյանի պաշտպանության իմաստով կարեւորություն են ներկայացնում: Առաջին ատյանի դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել գործի նյութերը պաշտպանական կողմին տրամադրելու մասին:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը օրենսդրության մի շարք դրույթներ թվարկեց, որոնք հիմնավորում են դատախազության դիրքորոշումը: Նա, մասնավորապես, կրկին հիշեցրեց, որ գործի վարույթում եղած նյութերի հրապարակումն անթույլատրելի է, քանի որ կարող է վնասել այլ անձանց շահերը: Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանը թերագնահատել է այս հանգամանքը եւ գերագնահատել ընդհանուր գործի եւ առանձին վարույթ առանձնացված մասի միջեւ կապը: «Հասկանալի չէ, թե դատարանն ինչ չափանիշներով է առաջնորդվել՝ ընդունելով գործի նյութերի տրամադրման հնարավորության մասին որոշումը, որը քննության ակտիվ փուլում է»,- նշեց դատախազը՝ հավելելով, որ դատարանը մեկ մարդու շահերը վեր է դասել հանրային շահերից:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հետաքրքրվեց՝ դատախազությունն արդյոք վստա՞հ է, որ գործում (մինչեւ մասի առանձնացումը) ոչ մի նյութ չկա, որ շոշափում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների շահերը: Փաստաբանը խնդրեց հստակեցնել նոր փաստաթղթեր ստանալու իրավունքների ապահովման դատարանի գործառույթները: «Չնչին կասկած էլ չունեմ, թե ինչպիսին կլինի Ձեր որոշումը»,- նշեց փաստաբանը՝ դիմելով դատարանին: Նա պարզաբանեց, որ դահլիճում է գտնվում՝ բարձրաձայնելու պաշտպանական կողմի կարծիքը: Փաստաբանի խոսքով՝ դատախազ Պետրոսյանի բացարկի համար հիմքեր կան, սակայն պաշտպանական կողմը ձեռնպահ է մնում համապատասխան միջնորդությունից: Նա հիշեցրեց, որ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննությունը վարվել է երկար ժամանակ եւ մինչեւ հիմա էլ ընթանում է: «Գործից առանձնացվել է 76 հատոր, ավելի ուշ՝ եւս 3 հատոր: Ի՞նչ կա այդ նյութերում: Առաջին 13 հատորները՝ 2008-2018 թվականներ, մարդկանց մահվանը վերաբերող կիսատ նյութեր են: Շատ նյութեր կան մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրադարձությունների մասին, 2008 թվականի հունիս-հուլիսից հետո, ինչպես պնդվում է, կեղծումների մասին: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն արդեն չէր պաշտոնավարում, մնացյալ ամբաստանյալները եւս կապ չունեն: Անհասկանալի է, թե այդ նյութերն ինչու են գործում, որն առանձին վարույթ է առանձնացվել»,- նշել է փաստաբանը:
Նրա խոսքով՝ ցուցմունքներին ծանոթությունը դեժավյուի զգացողություն է ստեղծում, քանի որ ներկայացվել են 20 ցուցմունքներ միեւնույն դրվագի վերաբերյալ: Փոխարենը՝ բացակայում են կարեւոր ցուցմունքներ: Ցուցիչների համեմատությունը խոսում է այն մասին, որ նյութերը հավաքվել են տարբեր հատորներից, եւ ամբողջական նյութեր չկան, ասենք 2008 թվականի վերաբերյալ: «Մենք կարո՞ղ ենք այս պայմաններում հավատալ դատախազությանը: Թե՞ պետք է հիշենք, որ դատախազությունն այն նույն իրավունքներն ունի, ինչ պաշտպանության կողմը եւ կողմ է հանդիսանում»,- հարց հնչեցրեց փաստաբանը:
Փաստաբանը հիշեցրեց, որ քննիչի գործառույթները չեն հանգում կոնկրետ անձին մեադրելուն, այլ գործի ամբողջ հանգամանքների բացահայտմանը, իսկ պետք է գնահատի դատարանը: Սակայն իրականում կարող է ստացվել, որ քննիչը կփոխանցի ցուցմունքներից մեկը՝ մեղադրական, իսկ մնացյալը՝ արդարացնողները, կմնան դատարանի վերահսկողությունից դուրս: «Մենք համոզված ենք, որ հենց այդպես էլ եղել է, բոլոր ջանքերն ուղղված էին մեղադրական բնույթի նյութեր հավաքելուն»,- հայտարարեց փաստաբանը: Սա հաստատվում է քննիչի պատասխանով, որի համաձայն հավաքվել են մեղադրանքի նյութերը»,- նշեց փաստաբանը: Նա հիշեցրեց, որ դատարանի որոշման մեջ նշված է՝ դատարանն առաջնորդվում է քննչական մարմնի բարեխղճության մասին կարծիքով, սակայն քննությունը չպետք է գնահատի, թե որ նյութերն են ամբաստանյալի շահերի մեջ մտնում: Այս պայմաններում մասնավոր անձի շահերը գերակայում են հանրայինին, քանի որ նյութերի հետ ծանոթությունը չի լինի ի վնաս հանրայինի: Պաշտպանական կողմին նյութերը կարող են փոխանցվել չհրապարակայնացնելու ստորագրությամբ, հիշեցրեց Խուդոյանը:
Որպես քննության եւ փաստաբանների կողմից նյութերի կարեւորության տարբեր գնահատականի օրինակ՝ Հովհաննես Խուդոյանը բերեց այն հանգամանքը, որ դեպքեր են հայտնի, որ համանման գործողությունների համար մեղադրվող անձինք ազատվել են արարքի ապաքրեականացման հետ կապված: «Եթե ելնենք այն բանից, որ քննչականն ու դատախազությունը առավելագույն բարեխիղճ են, դատարանն իմաստը կորցնում է»,- հավելեց փաստաբանը: Խոսելով քննության գաղտիքի մասին, ինչը պնդում է դատախազությունը, փաստաբանը հիշեցրեց, որ 2008 թվականից քննության ընթացքում մամուլում բազմաթիվ նյութեր են հրապարակվել: «Իսկ եթե ենթադրենք, որ Ռոբերտ Քոչարյանի մասը չէր առանձնացվի, պաշտպանական կողմն այսպես թե այնպես բոլոր նյութերը կստանար»,- նշեց փաստաբանը: Նա հիշեցրեց, որ փաստաբանները կարող են նյութերին ծանոթանալ չհրապարակայնացնելու ստորագրությամբ, եւ քննչական մարմինների համար հեշտ է հետեւել փաստաբանների կողմից այս պահանջի խախտումներին: «Ընդ որում՝ գործող գործիքակազմին ավելացել է եւս անօրինական մեկը՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը: Իսկ ահա փաստաբանները չեն կարող հետեւել քննիչների գործողություններին, եւ նյութեր թաքցնելու դեպքում փաստը կարող է բացահայտվել երկար տարիներ հետո»,- նշեց փաստաբանը: Նա հիշեցրեց, որ որոշման էությունը հանգում է նրան, որ փաստաբանները ծանոթանան գործի նյութերին, որպեսզի ապագայում հնարավորություն ունենան անհրաժեշտության դեպքում միջնորդել փոխանցել կոնկրետ հատորից կոնկրետ նյութը: Հակառակ դեպքում փաստաբանները ստպված են լինելու միջնորդել բոլոր նյութերը փոխանցելու եւ դատարանում ուսումնասիրելու մասին, ինչը շատ տարիներ կտեւի:
Խուդոյանը նշեց, որ այս բողոքը չի վերաբերում այն հանգամանքին՝ Քոչարյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ: Այն ոչ մի կերպ չի լինի հօգուտ կամ ի վնաս որեւէ անձի: Խոսքն այն մասին է, թե արդյոք մարտի 1-ի իրադարձությունների մասին գործը բազմակողմանի կքննվի՞, թե՞ գործից մասեր կառանձնացվեն, իսկ հետո կհայտարարվի «բազմակողմանի» քննության մասին: «Մենք շահագրգռված ենք գործի լիարժեք քննությամբ»,- շեշտեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ պաշտպանական կողմը պահանջում է նյութերը տրամադրել մինչեւ այն պահը, երբ իր պաշտպանյալին առնչվող մասն առանձնացվել է: «Հանրային շահերին ոչ մի բան չի սպառնում: Այս դեպքում մասնավոր շահերը ոտնահարված են: Հանրայինը նույնպես, քանի որ այսպիսի պայմաններում մարտի 1-ի իրադարձությունների բազմակողմանի քննարկում չի իրականացվում»,- նշեց փաստաբանը:
Փաստաբանի փաստարկներին պատասխանելով՝ դատախազը դրանք հիմնազուրկ համարեց եւ կրկնեց, որ դատարանն իր լիզորությունները գերազանցել է: Նրա խոսքով՝ հանրային շահերը հանգում են լիարժեք օբյեկտիվ քննության, եւ ոչ մի օրենքում ամրագրված չէ քննվող գործի նյութերի փոխանցման հնարավորությունը: «Չկա իրավունքների սահմանափակման փաստ: Դատարանն ասում է ապագայում ենթադրյալ խախտումների մասին, իսկ փաստացի մտել է քննչական մարմնի լիազորությունների ոլորտ»,- կարծում է դատախազը:
Հովհաննես Խուդոյանն իր հերթին հիշեցրեց, որ փաստաբանների նպատակն է լիարժեք պաշտպանություն իրականացնելը: «Պարոն դատախազն իմ խոսքն այնպես ներկայացրեց, որ կողքից լսելով՝ կպահանջեի արտոնագրից զրկել»,- նշեց փաստաբանը: «Եթե մեղադրանքի կողմի վերաբերմունքն անկեղծ է, ինչո՞ւ են գործում մարդկանց մահվան մասին նյութերը»,- հետաքրքրվեց փաստաբանը: Խուդոյանը կրկին ստիպված էր հստակեցնել, որ խոսքը գործում պաշտպանության տեսանկյունից կարեւոր նյութերի առկայությունը պարզելու մասին է: Եթե այդպիսիք կան, պաշտպանական կողմը կարող է միջնորդել փակ դռների պայմաններում դրանք ուսումնասիրելու մասին, եթե դատախազությունը համարի, որ դրանց հրապարակայնացումը կվնասի մյուս շահագրգիռ անձանց, արձանագրեց փաստաբանը:
Կողմերին լսելով՝ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: Դատարանի որոշումը հրապարակվելու է փետրվարի 6-ին 10:30-ին:





























