Բրազիլիայի առողջապահության նախարարությունն անհրաժեշտ չի համարում կորոնավիրուսի պատճառով հայտնի կառնավալի չեղարկումը, որը պետք է անցկացվի փետրվարի վերջին, հայտնել է Բրազիլիայի առողջապահության նախարար Էնրիկե Մանդետան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է կառնավալի չեղարկմանը, ապա դա մշակութային իրադարձություն է, որը ձեւավորում է մեր ինքնությունը: Ոչ մի հիմնավորում չկա՝ այդպիսի վարկած (կառնավալի չեղարկման մասին - խմբ.) առաջ քաշելու համար, հույս ունենք, որ մարդիկ այդ ժամանակ կզվարճանան, կվայելեն տոնը»,- ասել է նա, ում խոսքը հրապարակվել է երկրի առողջապահության նախարարության Twitter-յան էջում:

Նախարարությունը երկրի ամբողջ տարածքում ներկայումս գրանցել է 14 կասկածելի դեպք, 13 մարդու մոտ կորոնավիրուսով հիվանդությունը բացառել է, ոչ մի հաստատված դեպք չկա:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնել էին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին հվանդության հարուցիչը՝ 2019-nCoV նոր կորոնավիրուս: Երկրում վարակվածների թիվն անցել է 17,2 հազարից, մահացել է 361 մարդ: Եվս գրեթե 150 մարդ հիվանդացել է Չինաստանի սահմաններից դուրս, որոնցից մեկը մահացել է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս բռնկումը ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: