ՉԺՀ ղեկավար Սի Ցզինփինը բժշկական դիմակով հայտնվել է Time ամսագրի շապիկին: Այս մասին պարբերականը հայտնել է Twitter-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ շապիկով համարը վաճառքի կհանվի փետրվարի 17-ին:

Խմբագրականում տեղադրվել են 3 հոդվածների վերնագրեր, որոնք նվիրված են կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի համաճարակին՝ «Չինական թեստ», «Կանխելով հաջորդ բռնկումը»  եւ «Տնտեսական սպառնալիք»: Բացի այդ, թվիթում ներկայացվել է հոդվածի հղում «Կորոնավիրուսի տարածումը կարող է տապալել Չինաստանի դարաշրջանի մասին Սի Ցզինփինի երազանքները» անվանումով:

Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի վերջին խոշոր Ուհան քաղաքում ֆիքսել էին 2019-nCoV կորոնավիրուսի բռնկում: Չինաստանից դուրս հիվանդությունը տարածվել է 24 պետություններում, այդ թվում Ռուսաստանում: ԱՀԿ-ն հիվանդության բռնկումն անվանել էր միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ: Վերջին տվյալների համաձայն՝ վարակվել է 28 հազար մարդ, ավելի քան 560-ը մահացել է, ապաքինվել է ավելի քան 1,1 հազար մարդ: