ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Նյուբերի քաղաքի բնակիչը 15 տարի շարունակ վիճակախաղ է խաղացել թվերի նույն համադրությամբ եւ ջեքփոք է շահել, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով UPI-ն:
Ամերիկացին, ով ցանկացել է անանուն մնալ, պնդում է, որ վերջին տարիներին ինքն անփոփոխ կերպով վիճակախաղի տոմսերի վրա 3-11-19-27-35 թվերի նույն հաջորդականությունն է լրացրել: Տղամարդու խոսքով՝ համադրությունը բաղկացած է իր կյանքի նշանակալի ամսաթվերից եւ թվերից, որոնք իրեն հաջողություն են բերում:
Հունվարի 25-ին տղամարդը մասնակցել է Palmetto Cash 5 վիճակախաղին եւ վերջապես հարստացել է: Վիճակախաղի տոմսն իր սիրելի համարներով նրան 100 հազար դոլար մրցանակ է բերել: Հաղթողը խոստովանել է, որ մտադիր է շարունակել խաղալ թվերի նույն համադրությամբ: «Ես այնքան երկար եմ օգտագործել թվերի այս հաջորդականությունը, որ չեմ պատրաստվում կանգ առնել»,- շեշտել է նա: Բախտավոր խաղացողը չի նշել, թե ինչի վրա է նախատեսում ծախսել իր մրցանակը:




























