5573 ընտրատեղամասեր են բացվել Ադրբեջանում, որտեղ ընթանում են խորհրդարանական ընտրությունները: Ավելի քան 320 գրանցված թեկնածուներ հրաժարվել են մասնակցել ընտրություններին, որի հետեւանքով խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար շարունակում է պայքարել 1314 թեկնածու, հաղորդում է «Կավկազսկիյ ուզել»-ը՝ հղում անելով ԿԸՀ-ին:

Ինչպես գրել է «Կավկազսկիյ ուզել»-ը, 2019 թվականի դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է հրաման Միլի մեջլիսը (խորհրդարանը) ցրելու մասին: Արտահերթ ընտրությունները նշանակվել են 2020 թվականի փետրվարի 9-ին: Ընդդիմադիրները կասկածել են առաջիկա exit-poll-ի օբյեկտիվության մեջ, իսկ նախընտրական քարոզարշավն անցկացվել է քաղաքական ազատությունների սահմանափակմամբ. այդպիսի եզրահանգման է եկել Ընտրությունների մոնիթորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնը: Խորհրդարանը հեղինակություն չի վայելում բնակչության շրջանում, դրա ընտրությունները վստահություն չեն ներշնչում, քանի որ արդյունքները կանխատեսելի են, հայտարարել են ՀԿ-ի ներկայացւոցիչներն ու ընտրողները:

Տեղական ժամանակով 8.00-ին բացվել են 5573 ընտրատեղամասեր, որոնցում կկարողանան քվեարկել 5.329.460 ընտրող, հաղորդում է «Կավկազսկիյ ուզել»-ի թղթակիցը՝ վկայակոչելով ԿԸՀ-ի ղեկավար Մազահիր Փանախովին:

Խորհրդարանում 125 տեղի համար պայքարում է 1314 թեկնածու, ասել է Փանախովն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ ընտրություններին մասնակցելու համար ընդհանուր առմամբ դիմել է 2431 մարդ, որոնցից գրանցվել է 1637 թեկնածու: Սակայն հետագայում 321 մարդ հետ է կանչել իր թեկնածությունը, եւս երկու թեկնածուի գրանցումը ԿԸՀ-ն չեղարկել է նրանց մոտ երկքաղաքացիություն հայտնաբերելու պատճառով, նշել է Փանախովը: Այդկերպ թեկնածուների թիվը կրճատվել է՝ հասնելով 1314-ի, որոնց շրջանում կան 19 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ասել է ԿԸՀ ղեկավարը:

Նրա խոսքով՝  123 թեկնածուներ առաջադրվել են «Ենի Ադրբեջան» (Նոր Ադրբեջան) իշխող կուսակցությունից, 64 թեկնածու՝ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունից. թեկնածուների շրջանում կան ինչպես կուսակցությունից առաջադրվածներ, այնպես էլ ինքնառաջադրվածներ: Փամախովը նաեւ պատմել է, որ «Իրական հանրապետականների» միությունը, որը ստեղծվել է «Հանրապետական այլընտրանք» կուսակցության կողմից, որը չունի պետական գրանցում, եւ անկախ թեկնածուների խումբն առաջադրել են 30 թեկնածուներ խորհրդարանում մանդատ ստանալու համար, «Շարժում» դաշինքը, որը ձեւավորվել է Nida եւ D18 եւ անկախ ակտիվիստների խմբի կողմից, առաջադրել է 16 թեկնածու:

Ընտրությունների ընթացքին կհետեւեն 77 790 տեղական եւ 883 միջազգային դիտորդներ: 1000 ընտրատեղամասերում տեղադրված են վեբ-տեսախցիկներ, որոնց միջոցով ԿԸՀ-ի կայքում կհեռարձակվի քվեարկության ընթացքն ու ձայների հաշվարկը: Քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով 19.00-ին, նշել է Փանախովը:

Նրա խոսքով՝ ընտրություններին չկա քվորում. հաղթողը համարվում է թեկնածուն, որը հավաքել է ձայների մեծամասնությունը: Քվեարկության արդյունքների նախնական տվյալները հայտնի կդառնան փետրվարի 9-ի ուշ երեկոյան «Ընտրություններ» տեղեկատվական համակարգի միջոցով, ասել է Փանախովը: Նա նաեւ պատմել է, որ ԿԸՀ-ն քվեարկությունից հետո 20-օրյա ժամկետում կանցկացնի արդյունքների ստուգում եւ 48 ժամվա ընթացքում կփոխանցի դրանք Սահմանադրական դատարան հաստատելու համար, որն, իր հերթին, 10 օրվա ընթացքում կհայտարարի վերջնական արդյունքները:

Նախընտրական քարոզարշավն ընթացել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների համար հավասար հնարավորությունների բացակայության պայմաններում, համարում է Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Աքիֆ Գուրբանովը: Նախընտրական քարոզարշավի ընթացքում «ապահովված չեն եղել քաղաքական ազատությունները՝ ներառյալ խոսքի եւ մամուլի ազատությունը, հավաքների ազատությունն ու քաղբանտարկյալների հարցը», ասել է նա «Կավկազսկիյ ուզել»-ի թղթակցին:

Գուրբանովն ուշադրությունը սեւեռել է այն բանի վրա, որ կարճ ժամկետում գրանցումից հետո ավելի քան 300 թեկնածուներ հրաժարվել են ընտրություններին մասնակցությունից: «Թեկնածությունների զանգվածային հետկանչումը կասկածներ է առաջացնում, թե արդյո՞ք այդ քայլը կամավոր էր…հրաժարվածների մեծամասնությունը կառավարության կողմից ֆինանսավորվող կառույցների եւ ընկերությունների կամ իշխանություններին մոտ գտնվող մասնավոր մարմինների աշխատակիցների են, եւ այդ պատճառով էլ հեշտությամբ ենթարկվում են ճմշման»,-ասել է նա:

Ընտրությունների մոնիթորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին համարում է, որ տեղական դիտորդների մեծ թիվը բնավ չի վկայում բարձր քաղաքացիական ակտիվության եւ ընտրությունների թափանցիկության հարցում իշխանությունների հետաքրքրվածության մասին: «Դիտորդների մեծամասնությունը բյուջետային կազմակերպությունների աշխատակիցներն են: Այդ կոնտինգենտը ներգրավված է ընտրություններում միջազգային դիտորդներին ընտրությունների թափանցիկությունը ցույց տալու համար եւ միաժամանակ պոտենցիալ ռեսուրս է լցոնումների, իրական անկախ դիտորդների դեմ սադրանքի համար»,-ասել է նա թղթակցին: Նրա խոսքով՝ եթե իշխանությունները հետաքրքրված լինեին ընտրությունների թափանցիկությամբ, չէին խոչընդոտի բազմամյա փորձառություն ունեցող մշտադիտարկող ոչ կառավարական կազմակերպություններին: