Եգիպտոսի բնակչության թիվը հասել է 100 միլիոնի՝ ընդգծելով աղքատ երկրում գերբնակեցվածության սպառնալիքը, հայտնում է AP-ն:
Երկիրը պահպանում է ամենախիտ բնակեցված արաբ ազգի իր դիրքը, իսկ բնակչության թվով Աֆրիկայում երրորդն է Եթովպիայից եւ Նիգերիայից հետո:
Վիճակագրության համաձայն՝ Եգիպտոսում գրեթե ամեն 17,9 վայրկյանը մեկ երեխա է ծնվում:
Երկրի վարչապետ Մոսթաֆա Մադբուլին անցյալ շաբաթ կառավարության նիստին հայտարարել էր, որ «բնակչության աճը պետության առջեւ ծառացած ամենամեծ խնդիրն է, որն առնչվում է ազգային անվտանգությանը»:
Եգիպտացիների մեծ մասը բնակվում է երկրի տարածքի 8 տոկոսի վրա:
Վերջին երեք տասնամյակում Եգիպտոսում ծնելիությունը կտրուկն աճել է. ամեն տարի ծնվում է մոտ 1,5 մլն երեխա:
2017 թվականի վերջին մարդահամարը ցույց է տվել, որ երկրում բնակվում է մոտ 95 մլն մարդ: Երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին այդ ժամանակ ասել էր, որ ահաբեկչությունն ու գերբնակեցվածությունը Եգիպտոսի համար ամենակարեւոր սպառնալիքներն են:
Մոտ 10 մլն եգիպտացիներ բնակվում են արտասահմանում, մեծ մասը Պարսից ծոցի երկրներում՝ լավագույն տնտեսական հնարավորություններ որոնելով: Նրանց դրամական փոխանցումները դարձել են Եգիպտոսի եկամուտների կարեւոր աղբյուր:
Ըստ CAPMAS-ի տվյալների, որոնք հրապարակվել են անցյալ տարի, գրեթե յուրաքանչյուր երրորդ եգիպտացին ապրում է աղքատության մեջ:




























