Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցման հիմնական պատճառն այն է, որ երկիրը չկարողացավ կատարել ծրագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ ծրագրի դադարեցման մանրամասներին անձամբ ծանոթացել է «Հազարամյակի մարտահրավերների» հայաստանյան գրասենյակում։

«Ցավոք, պատասխանը նույնն  էր, ծրագիրը դադարեցվել է, որովհետեւ մենք չենք կատարել դրա շրջանակներում նախատեսված բարեփոխումները։ Գրասենյակում ինձ տեղեկացրեցին նաեւ, որ Հայաստանի կողմից հաջորդ հայտը ներկայացնելու գործընթացը կախված կլինի կատարվելիք բարեփոխումներից»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նաեւ նշեց, որ ԱՄՆ պետք է գիտակցի՝ Հայաստանը բարեփոխումների իրականացման ճանապարհին է։ «Վաշինգթոնը պետք է հիշի ԱՄՆ-ի վիճակը 20-րդ դարի 30-ական թվականներին։ Այն ժամանակ ԱՄՆ հաստատ ժողովրդավարության չափանիշ չէր։ Բայց ի՞նչ կարող ես անել, նրանք վճարում են, նրանք էլ՝ որոշումներ ընդունում»,- ամփոփեց Զոհրաբյանը։

Նշենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանը պետք է 180 մլն դոլար ստանար։ Սակայն ԱՄՆ կառավարության որոշմամբ  ծրագիրը Հայաստանում ընդհատվել է։