Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ կառավարության որոշման մեջ չարժե քաղաքական ենթատեքստ փնտրել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դադարեցնելու պատճառն այն է, որ հանրապետությունը դրա շրջանակներում նախատեսված բարեփոխումներ չի կատարել։

«Հայաստանում ծրագրի դադարեցման հիմնական պատճառն այն է, որ իշխանությունները չեն կարողացել լուծել կոռուպցիայի եւ ստվերի հետ կապված խնդիրները, ինչը ԱՄՆ կառավարության հիմնական պահանջներից է։ Վաշինգթոնն այս առումով լիարժեք ճիշտ է վարվել, որ իր միջոցները չի վստահել Հայաստանին՝ վախենալով, որ կոռուպցիայի եւ ստվերի առկայության պարագայում դրանք նպատակաուղղված չեն ծախսվի»,- ամփոփեց ընդդիմադիր գործիչը։

Նշենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանը պետք է 180 մլն դոլար ստանար։ Սակայն ԱՄՆ կառավարության որոշմամբ  ծրագիրը Հայաստանում ընդհատվել է։