Երեւանի ընդհանուր իրվասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 3-ին, հարցաքննվեցին «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» գործով վկաները։

Ըստ դատակոչի ցուցակի հարցաքննվեց «Արարատ բանկի» աշխատակիցներից Թամարա Խաչատրյանը, որը նշեց, որ ճանաչում է միայն գործով ամբաստանյալ Բարսեղ Բեգարյանին, իսկ գործով տուժող Արման Մկրտումյանին երբեւէ չի հանդիպել եւ չի ճանաչել։

Նա նշեց, որ Մկրտումյանին վարկ տրամադրվելու գործընթացին ինքը չի մասնակցել, տեղյակ չէ, թե որ մասնաճյուղից, եւ որ ժամին է տրամադրվել. «Մասնաճյուղը երեկոյան ժամերին 5 միլիոն դրամ չէր կարող վարկ ձեւակերպել եւ տրամադրել»։

Գործով մեղադրող դատախազն էլ նշեց, եթե երեկոյան ժամերին այդպիսի թվով վարկեր չեն տրամադրվում, ինչպե՞ս է ստացվել, որ Մկրտումյանը, ըստ փաստաթղթերի, Բաղրամյանի մասնաճյուղից, ժամը 18։00-ից հետո 9 միլիոն 700 հազար դրամի վարկ է ստացել։

Վկան ասաց. «Ունեցել է լիմիտ, տվել է ուրեմն»։

«Արարատ բանկի» նախագահի տեղակալ Բագրատ Ճժմաչյանին որպես վկայի, մեղադրող դատախազը հարցրեց՝ արդյոք Մկրտումյանը ժամանակին մարե՞լ է իր վարկը, գործով վկան ասաց, որ վարկի տոկոսները ժամանակին մարել է։

Մկրտումյանը նշեց, որ ինքը կայուն եկամուտ չի ունեցել, ինչպե՞ս է բանկն իրեն վարկ տրամադրել, վկան ասաց. «Ձեր վարկային պատմության եւ գրավի առկայության հիման վրա են վարկ տրամադրել. դա սպառողական վարկ է»։

Մեղադրող կողմի ճշտող հարցին՝ ինչպիսի՞ սպառողական վարկ է տրամադրվել, վկան ասաց. «Սպառողական վարկ՝ առանց եկամուտների վերլուծության։ Այդպես է կոչվում այդ վարկի տեսակը»։

Վկաների հարցաքննությունը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 22-ին։

Նշենք, որ այսօրվա նիստին որպես վկա հարցաքննվեցին նաեւ Բարսեղ Բեգլարյանի որդիները, որոնք նշեցին՝ դատարանում ցուցմունք չեն տալու, դատարանն էլ որոշեց հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները։

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։