Մենք դիմել ենք դատարան եւ պահանջում ենք՝ ապացուցել եւ գտնում ենք, որ նա զրպարտում է մեզ, պահանջում ենք հերքում։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի նկատմամբ դատական հայց ներկայացնելուն։

«Երբեւէ որեւէ մեկի կողմից, որեւէ ձեւով չի ապացուցվել եւ չի կարող ապացուցվել, որովհետեւ նման բան գոյություն չունի եւ չի կարող գոյություն ունենալ։ Պատմության մեջ առաջին անգամ, մի մարդ մի քաղաքական գործիչ մեզ կոնկրետ մեղադրել է, որ ԼՀԿ-ն Միքայել Մինասյանի պրոեկտն է։ Այս արվող պրոցեսը նախ եղել է ֆեյքերի կողմից, հիմա կոնկրետ, բառացիորեն է ասվել, եթերում. դա ասել է Լեւոն Զուրաբյանը։ Մենք դիմել ենք դատարան եւ պահանջում ենք՝ ապացուցել եւ գտնում ենք, որ նա զրպարտում է մեզ, պահանջում ենք հերքում։ Դատը կլինի, դուք կտեսնեք»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ դա տարրական հակաքարոզչության ձեւ է. «Այդ նույն մարդիկ էինք, ովքեր ասում էին նաեւ «Ելք» դաշինքի ստեղծումից առաջ, «Ելք» դաշինքի ժամանակ եւ ասում են հիմա։ Այսինքն՝ այն ժամանակ ընդդիմության էին ասում, հիմա էլ մենք ենք ընդդիմությունը, մեզ են ասում։ Չնայած շատ մարդիկ հիմա իշխանություններին էլ են ասում նման բաներ։ Միշտ փորձել են ցանկացած քաղաքական, մաքուր ուժի կապել նախկին իշխանության հետ, գործող իշխանության հետ, սեւ ուժերի, մութ ուժերի հետ։ Մարդիկ էլ պիտի կարողանան թացը չորից տարբերեն եւ իրենց դատողություններն անեն»։

Մարուքյանն ընդգծեց, որ ՀԱԿ-ը ԼՀԿ-ի գործընկեր կուսակցությունն է, որովհետեւ լիբերալ ուժ է։

«Լեւոն Զուրաբյանի եւ իր կնոջը պատկանող «4-րդ իշխանություն» թերթի պահվածքը մեզ համար անհասկանալի է, անհասկանալի է իրենց օրակարգը. գիշեր-ցերեկ մեզ փորձեն սեւացնելով, ասեմ, որ դա չի ստացվելու եւ աշխատելու է ի վնաս իրենց»,- ասաց Մարուքյանը։