2017-ի սկզբին Հարկային մարմնում գործում էին թվով 22 հարկային տեսչություններ, որոնք իրենց տարածքում իրականացնում էին բոլոր գործառույթները, իսկ արդեն 2020-ի սկզբին կառուցվածքը այլ է: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման եւ հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

Նրա խոսքով, այժմ կա ընթացիկ հսկողության վարչությունը, որը բացառապես իրականացնում է ընթացիկ վերահսկողական աշխատանքները, առավել հայտնի ՀԴՄ-ի եւ այլ թեմատիկ ստուգումները, վերլուծական որեւէ գործառույթ չի իրականացնում: «Կա հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչությունը, որը բացառապես վերլուծական գործառույթ է իրականացնում: Կա համալիր հարկային ստուգումների վարչությունը, որը միայն համալիր հարկային ստուգումներ է իրականացնում: Դրանից զատ կան սպասարկման վարչությունը եւ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման եւ հսկողության վարչությունը:

Այս փոփոխությունների նպատակն է, որ գործառույթներն իրականացվեն կենտրոնացված կարգով, ստեղծվի հակակշիռների ինստիտուտը: Եթե նախկինում համալիր ստուգումների վարչությունը բացի համալիր ստուգումներից, նաեւ դիտարկումն էր իրականացնում, այժմ այդ դիտարկման գործառույթը իրականացվում է այլ վարչության կողմից: Այսինքն ստուգումների որակի նկատմամբ ստուգումը նույն մարմինը չի իրականացնում»,-ասաց Կարեն Թամազյանը:

Նա ընդգծեց, որ սպասարկման վարչության նորարությունն այն է, որ եթե նախկինում օրինակ, Կապանի հարկ վճարողը պարտավոր էր մոտենալ Կապանի հարկային սպասարկման բաժին, այժմ նման խնդիր չկա: