2019 թվականին Հայաստանի շուկայում տեղի է ունեցել աշխատողների թվի էական աճ. 2019-ի դեկտեմբերի տվյալներով հարկման բազա ապահոված աշխատատեղերը եղել են 629 հազար, որը ապրիլի համեմատ 88 հազարով ավելի է: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման եւ հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

Նրա խոսքով, հիմնական աճը տեղի է ունեցել մանրածախ առեւտրի ոլորտում, հանրային սննդի կազմակերպման ոլորտում, մեծածախ առեւտրի ոլորտում, սննդամթերքի  արտադրության եւ ծառայությունների ոլորտում:

«2018-ի ընթացքում տպվել է 326 մլն հատ ՀԴՄ կտրոն, իսկ 2019-ին այդ ցուցանիշը կազմել է 457 մլն հատ: Համապատասխանաբար 20 տոկոսով շրջանառության աճ է տեղի ունեցել: Հաշիվ ապրանքագրերի դեպքում աճը կազմել է 25 տոկոս՝ 20 մլն հատից դարձել է 25 մլն»,-ասաց նա հավելելով, որ հարկային մարմինների ծանրաբեռնվածությունը գրեթե կրկնապատկվել է. եթե օրինակ, 2018-ին մեկ տեսուչը կատարում էր մեկ ստուգում, 2019-ին կատարում է երկու ստուգում: