Հաջորդ 20 տարիների ընթացքում Լեհաստանը ստիպված կլինի 15,56 մլրդ դոլար ծախսել ԱԷԿ-ի կառուցման համար, հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների նախարար Պյոտր Նաիմսկին, հայտնում է Reuters-ը։

Լեհաստանը իր էլեկտրաէներգիայի մեծ մասը արտադրում է ածխածնի բարձր պարունակությամբ ածխից եւ միակ պետությունն է ԵՄ-ում, որն իր վրա մինչեւ 2050թ․ կլիմայական չեզոքության հասնելու պարտավորություն չի վերցրել։

Սակայն, բախվելով արտանետումների կրճատման հարցով Եվրամիության կողմից ճնշմանը, նա պլանավորում է մինչեւ 2040թ․ ԱԷԿ կառուցել։

«Դրա համար կպահանջվի ծախսել 15,56 մլրդ դոլար։ Սա հսկայական գումար է, սակայն մեր պետությունը կարող է դա իրեն թույլ տալ»,- ասել է Նաիմսկին։

Լեհաստանը հույս ունի համագործակցել Միացյալ Նահանգների հետ այդ հարցում։ Նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆրանսիան սատարում է էլեկտրաէներգիա ստանալու համար Լեհաստանի անցումը ածխից միջուկային տեխնոլոգիաներին։