Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ Երեւան քաղաքի քննչական վարչությունում կայացել է հանդիպում «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Երեւան քաղաքի քննչական վարչության պետ Ա. Վարդանյանը եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ Ն. Շահինյանը, 2020 թվականի մարտի 4-ին ընդունել են «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանին, տեղակալ Անդրանիկ Գրիգորյանին եւ ՀԿ-ի շահերը ներկայացնող, փաստաբան Տիգրան Ղազարյանին ու լսել նրանց մտահոգությունները՝ համապատասխան քրեական գործի նախաքննության վերաբերյալ: Երեւան քաղաքի քննչական վարչության պետը վստահեցրել է, որ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման համար: Հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, բացի այդ Ա. Վարդանյանի կողմից քննությունը առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ տրվել են հանձնարարականներ: