Համաձայն մեր առաջարկած կարգավորումների՝ եթե քննչական միջոցառումների մասնակիցները եւ քննիչը դեմ չեն, ապա ցուցմունքները, այդ թվում հարցուպատասխանը հասանելի կլինեն աուդիոձայնագրությամբ: Այս մասին այսօր ԱԺ նիստում Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասաց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ սղագրության մեջ նշված կլինեն միայն կողմերի մասին տեղեկություններ եւ այն, որ իրականացվել է հարցաքննության ձայնագրություն: Ընդ որում, պատգամավորը նշեց, որ փոփոխությունները չեն անդրադառնա հարցաքննման պրոցեդուրայի վրա: Օրինագծում նշվում է նաեւ, որ ձայնագրությունը կկատարվի բացառապես հարցաքննության, այլ ոչ թե դատական նիստի ընթացքում: Նիստի ընթացքում ձայնագրությունները կարող են հրապարակվել, եթե կողմերը հակասական ցուցմունքներ են տվել: Միեւնույն ժամանակ, Բաղդասարյանի խոսքով, եթե քաղաքացին հրաժարվում է աուդիո- եւ վիդեոձայնագրությունից, ապա պրոցեսն իրականացվում է գրավոր ձեւով: Սակայն նա հստակեցրեց, որ նման հարցաքննությունների անցկացման համար անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել: «Մասնավորապես, անհրաժեշտ է հատուկ սենյակներ պատրաստել եւ նոր սարքավորումներ գնել»,- խոստովանեց պատգամավորը՝ հավելելով, որ ֆինանսների նախարարությունը օրենսդրական փոփոխությունների նախաձեռնողներին հավաստիացրել է, որ կարող է միջոցներ հատկացնել անհրաժեշտ վերազինման համար: