Հնդկաստանում զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ Ագրա քաղաքի քաղաքապետ Նավին Քումար Ջայնը շաբաթ դիմել է կենտրոնական կառավարությանը՝ կոչ անելով նոր կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջիկների այցելությունների համար ժամանակավորապես փակել բոլոր պատմական հուշարձանները, ընդ որում՝ ոչ միայն Ագրայում, այլեւ ամբողջ երկրում: Այս մասին քաղաքի վարչակազմի ղեկավարը, որտեղ գտնվում են բազմաթիվ պատմական հուշարձաններ, այդ թվում հռչակավոր Թաջ Մահալ դամբարանը, հայտնել է իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես Հնդկաստանի կառավարությանը կոչ եմ անում փակել երկրում բոլոր պատմական հուշարձանները, ներառյալ Թաջ Մահալը, այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել»,- հայտարարել է Ջայնը: Նա նշել է, որ Ագրա եւ պատմական այլ վայրեր են այցելում բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկներ, եւ սա մեծացնում է կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման հավանականությունը:

Ագրայի քաղաքապետի առաջարկին կենտրոնական իշխանությունները առայժմ չեն պատասխանել:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացած 31 մարդ, որոնց թվում 16 զբոսաշրջիկներ Իտալիայից: Հիվանդացած բոլոր հնդիկներն այցելել են տարբեր երկրներ՝ Չինաստան, Իտալիա, Իրան, ԱՄԷ, Մալայզիա եւ Թաիլանդ: Արդեն առողջացել է 3 հնդիկ պացիենտ, Հնդկաստանում COVID-19 վիրուսի հետեւանքով մահվան դեպքեր չեն գրանցվել: