Երեկ՝ մարտի 7-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Երևանում «Հաղթանակ» կամրջից տղամարդու ինքնասպանության փորձը կանխելուց հետո այդ քաղաքացին տուն է վերադարձել և արդեն ժամը 21:25-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստամոքսում օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նշված քաղաքացին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ այդ քաղաքացին անօթևանների կացարանում բնակվող, 24-ամյա Ռ. Պ.-ն է:
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ երեկ մինչև «Հաղթանակ» կամրջի վրա հերթական ինքնասպանության փորձը կատարելը, Ռ. Պ.-ն նույն օրը՝ ժամը 13:10-ի սահմաններում փորձել է նմանատիպ քայլ անել Դավիթաշենի կամրջից:
Այս դեպքում նրան փրկել են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի 3-րդ դասակիկ ոստիկաններն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ–փրկարարները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Պ.-ն իր այդ քայլը պատճառաբանել է, որ իքն ունի անձնական խնդիրներ, ինչի համար էլ ցանկացել է ինքնասպանություն գործել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 7-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել էր կանխել Հաղթանակ կամրջից քաղաքացու ցած նետվելու փորձը: Մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել էր մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել էր մեքենան, մոտեցել, զրույցել քաղաքացու հետ, որը արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը:





























