Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 21-ին այցելել է Ասկերանի շրջան:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը հանդիպումներ է ունեցել Ուղտասար, Նախիջեւանիկ, Վարդաձոր եւ Սառնաղբյուր համայնքների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա հիմնախնդիրները:
Այնուհետեւ նախագահը Ասկերան շրջկենտրոնում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին եւ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել շրջանի գյուղապետերի, ձեռնարկությունների ղեկավարների, գործարարների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Սահակյանը նշել է, որ զարգացման համար Ասկերանի շրջանն ունի լուրջ ներուժ, եւ շոշափելի առաջընթաց գրանցելու համար պետք է այն ադյունավետորեն օգտագործել:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման ձեւաչափով խորհրդակցությունների անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները դիտարկել տարբեր տեսանկյուններից:




























