Սաուդյան Արաբիայի պետական նավթային հսկա Saudi Aramco-ն մտադիր է ապրիլին հում նավթի արդյունահանումը ավելացնել մինչեւ օրական 12,3 բարել, ինչը ռեկորդային ցուցանիշ է, հայտնում է Reuters-ը։

Այս քայլը մտնում է նավթի արդյունահանումը մեծացնելու թագավորության որոշման մեջ՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվել էր կրճատել նավթի արդյունահանումը։ Սա հանգեցրեց երկուշաբթի օրը նավթի գնի 25 տոկոսով անկման՝ ամենակտրուկ նվազումը, որ տեղի է ունեցել Պարսից ծոցում 1991թ․ պատերազմից հետո։ Brent տեսակի նավթի գները երեքշաբթի օրը բարձրացան ավելի քան 7 տոկոսով եւ կազմեցին մոտ 37 դոլար՝ բարելի համար։

Երեքշաբթի օրը Էր Ռիադի Tadawul ֆոնդային շուկայի հայտում Aramco ընկերությունը հայտարարել է, որ ծավալները կավելացնի մինչեւ օրական 300 000 բարել։ «Ընկերությունը իր հաճախորդների հետ պայմանավորվել է 2020թ․ ապրիլի 1-ից նրանց նման ծավալներ մատակարարելու մասին։ Ընկերությունը ակնկալում է, որ դա կունենա դրական, երկարաժամկետ ֆինանսական արդյունք»,- ասվում է հայտարարության մեջ։

Saudi Aramco-ի բաժնետոմսերը երեքշաբթի օրը Tadawul-ում աճել են 9,7 տոկոսով՝ հասնելով 30,95 ռիալի կամ 8,25 դոլարի, ինչի արդյունքում աշխարհի ամենաթանկ ընկերությունը գնահատվում է 1,65 տրլն դոլար։

Սա տեղի ունեցավ հաջորդ օրն այն բանից հետո, երբ Aramco-ի բաժնետոմսերը փլուզվեցին 10 տոկոսով եւ հանվեցին բորսայից, քանի որ հասել էին առավելագույն թույլատրելի կորստին մեկ օրվա ընթացքում։

Aramco-ի որոշումը, հավանաբար, կխորտակի համաշխարհային էներգետիկ շուկաները եւ լրացուցիչ ճնշում կգործադրի գների վրա։