2020թ․ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարեց, որ նոր տեսակի կորոնավիրուսից (2019-nCoV) առաջացած հիվանդության տարածման հետ կապված իրավիճակը «կարող է գնահատվել որպես պանդեմիա», հայտնում է ՏԱՍՍ-ը։

Համաճարակը որեւէ վարակիչ հիվանդության տարածումն է, որը զգալիորեն գերազանցում է տվյալ տարածքում հիվանդացության սովորական մակարդակը։ Պանդեմիան համաճարակ է, որը բնութագրվում է երկրի ամբողջ տարածքում, սահմանակից պետությունների տարածքում, իսկ երբեմն նաեւ աշխարհի շատ երկրներում տարածվելով։

2005թ․ ԱՀԿ-ն մշակել է Բժշկասանիտարական միջազգային կանոններ եւ սանդղակ, որը ներառում է համաճարակի ծագման եւ զարգացման վեց փուլեր՝ 1փուլից (վարակվելու վտանգի ցածր մակարդակով) մինչեւ 6՝ պանդեմիայի փուլ։ Այս սանդղակի համաձայն, 2009թ․ պանդեմիա հայտարարվեց H1N1 վիրուսից առաջացած հիվանդությունը («խոզի գրիպ»)։ Սակայն այդ որոշումը քննադատության ենթարկվեց, կազմակերպությանը սկսեցին մեղադրել նրանում, որ նա խուճապ է ստեղծում։

Սրա հետ կապված՝ ԱՀԿ-ն դադարեց օգտագործել վեց մակարդակով սանդղակը։ Համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատացման դեպքում կազմակերպությունը սկսեց հայտարարել «միջազգային մակարդակով հասարակական առողջությանը սպառնացող իրավիճակ» (Public Health Emergency of International Concern, PHEIC)։ Այդպիսի իրավիճակ են համարվում «արտակարգ իրադարձությունները, որոնք առողջության ոլորտում վտանգ են ներկայացնում այլ պետությունների համար» եւ «պոտենցիալ պահանջում են միջազգային հանրության կողմից համակարգված գործողություններ»։ ԱՀԿ-ի դասակարգման մեջ արտակարգ իրավիճակը կարող է ունենալ նվազագույն (1-ին դաս), չափավոր (2-րդ դաս) կամ նշանակալի (3-րդ դաս) հետեւանքներ։ Տեղեկատվություն այն մասին, թե քանի երկիր պետք է գրանցի հիվանդությունը, որպեսզի այն միջազգային մակարդակի արտակարգ իրավիճակ համարվի, չկա։ Որոշումը յուրաքանչյուր դեպքի համար ընդունում է ԲՍՄԿ-ն՝ հիմնվելով վիրուսի աշխարհագրական տարածվածության, բարդության վրա։

20-րդ դարում պանդեմիա է ճանաչվել «խոզի գրիպը»՝ 2009-2010թթ․։ ԱՀԿ-ի տվյալներով՝ այն տարածվել է աշխարհի 214 երկրներում եւ տարածքներում եւ առնչվել է երկրագնդի բնակչության 30 տոկոսին։ 2012թ․ գիտնականները, այդ թվում՝ ԱՀԿ-ի փորձագետները, եկել են այն եզրակացության, որ այդ հիվանդության հետեւանքով մահացել է մոտ 284 500 մարդ։ Այս գնահատականները, որ ստացվել են մաթեմատիկական մոդելի արդյունքում, 15 անգամ գերազանցում են լաբորատոր հետազոտություններով հաստատված թիվը (18 400), որ գրանցել է ԱՀԿ-ն։

2009-ից հետո ԱՀԿ-ն հինգ անգամ հայտարարել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների մասին՝ 2014թ․՝ պոլեոմելիտի եւ Էբոլայի, 2016թ․ եւ 2018թ․՝ Զիկի վիրուսի, 2020թ․՝ 2019-nCoV կորոնավիրուսի առիթով։