Օրերս, Գյումրիում զուգընկերոջ կողմից սպանված կնոջ դեպքը ցնցեց հասարակությունը իր դաժանությամբ, սակայն եղան նաեւ բռնությունն արդարացնող եւ զոհին կրկնազոհայնացնողներ, որոնց մեջ, ցավալիորեն, կային նաեւ հանրային դիրք ունեցող անձինք։ Այս մասին հայտարարություն է տարածել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան:

Հայտարարությունում նշվում է.

«Նրանցից մեկը ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանն էր, որն իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ ոչ միայն ակնհայտորեն արդարացնում էր այս սարսափելի բռնությունը, այլեւ անձնական բնույթի վիրավորանքներ հնչեցնում սպանված կնոջ հասցեին։ Նման գրառմանը հետեւեց մարդկանց կոշտ արձագանքը համացանցում, ինչպես նաեւ Հանրային խորհրդի դատապարտող հայտարարությունը։ Սակայն, միայն այն փաստը, որ մարդու իրավունքների վերաբերյալ նման գիտակցությամբ անձինք ՀԽ կազմում են եւ հանրային կարեւորագույն խնդիրների վերաբերյալ կարծիքներ ու մոտեցումներ են հրապարակում, արդեն խորը մտահոգություն է առաջացնում։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան խստորեն դատապարտում է կնատյացության ցանկացած դրսեւորում, զոհին կրկնազոհականացնելու ցանկացած միտում, եւ պահանջում․

ՀԽ առաջիկա նիստում քննարկել Աշոտ Միրզոյանի անդամակցության հարցը սույն կառույցին

Նիստը կազմակերպել բաց, որպեսզի հանրությունը տեսնի եւ լսի բոլոր կարծիքները, ինչը հնարավորություն կտա կարծիք կազմելու նաեւ ՀԽ մյուս անդամների պատկերացումների մասին։

Մեր խորագույն համոզմամբ, նման տեսակետը կիսողները եւս անհապաղ պետք է լքեն հանրային խորհուրդն, ու այսուհետ հանրային կարեւորություն ներկայացնող հարցերը պետք է քննարկվեն միայն մարդու իրավունքների վերաբերյալ առնվազն պատկերացում ունեցող անձանց մասնակցությամբ»:

Ստորեւ ներկայացնում ենք Աշոտ Միրզոյանի գրառման սքրինշոթը: