Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ դեսպանությանն առընթեր մաքսային կցորդ Արամ Թանանյանը հանդիպել են ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են նորանշանակ մաքսային կցորդի գործունեությանը եւ ռուս գործընկերների հետ նրա փոխհարաբերություններին առնչվող կազմակերպական հարցեր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանն առընթեր դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի կարգավիճակով մաքսային կցորդի պաշտոն ստեղծելու մասին:
«Մաքսային կցորդի նշանակումը պայմանավորված է խնդիրներին օպերատիվ արձագանքելու անհրաժեշտությամբ, որոնք առաջանում են Ռուսաստանի մաքսային մարմինների հետ աշխատելիս, մասնավորապես՝ «Վերին Լարս» հսկիչ անցակետում»,- այդ ժամանակ նշել էր Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության այդ որոշումը: Ընդ որում՝ նա հավելել էր, որ կցորդի աշխատանքը պայմանավորված է նաեւ Ռուսաստանում Հայաստանի շահերը ներկայացնելու անհրաժեշտությամբ՝ կապված մաքսային ոլորտի հետ:





























