2020 թվականի մարտի 11-ի դրությամբ, գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների հետ 453 պայմանագիր է կնքվել, որից մոտ 60 տոկոսը կոմբինացված ռիսկ ունեցող պայմանագրեր են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մարտի 12-ին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա պարզաբանել է, որ քանի որ ցրտահարության ռիսկի ժամկետն ավարտվել է, ապա ապահովագրությունը գործում է կարկուտից եւ հրդեհներից ռիսկերի համար: «Կարկտահարությունից եւ հրդեհից ծիրանի եւ խաղողի ապահովագրությունը 6 մարզ է ներառում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց ձոր, իսկ դեղձի, խնձորի ծառերի եւ հացահատիկային մշակաբույսերի (ցորեն եւ գարու) ապահովագրությունը գործում է ամբողջ երկրում»,- ասել է Խաչատրյանը:

Նախարարը հիշեցրել է, որ ծրագրի շրջանակներում սուբսիդավորվում է ապահովագրության վճարի առնվազն 50-60 տոկոսը: «Ծիրանի եւ խաղողի համար կարկուտից եւ հրդեհից ապահովագրության վերջնաժամկետը մարտի 25-ն է, դեղձի համար` մարտի 20-ը, խնձորի ծառերի համար` ապրիլի 20-ը, հացահատիկային մշակաբույսերի համար` մայիսի 1-ը»,- եզրափակեց Խաչատրյանը: