ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է կորոնավիրուսի պատճառով հետաձգել Օլիմպիադայի անցկացումը Տոկիոյում։ «Գուցե նրանք հետաձգեն այն մեկ տարով»,- Օլիմպիական խաղերի մեկնարկից 19 շաբաթ առաջ Օվալաձեւ սենյակում լրագրողներին ասել է Թրամփը։
Նրա խոսքերով՝ մրցումները դատարկ մարզադաշտերում անցկացնելու այլընտրանքը ավելի վատ կլինի, քան հարկադրված հետաձգումը։
Ճապոնացի կազմակերպիչները պնդում են, որ կորոնավիրուսի համաճարակը չի խափանի հուլիսի 24-ից օգոստոսի 8-ն անցկացվելիք խաղերը։
Միջազգային օլիմպիական կոմիտեն նույնպես հայտարարել է, որ չի եղել որեւէ խոսակցություն հետաձգելու մասին։ Թրամփը նշել է, որ մտադիր չէ խորհուրդներ տալ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին այդ հարցում։ «Նրանք շատ խելացի են։ Նրանք սեփական որոշումը կկայացնեն։ Նա իմ մեծ բարեկամն է, վարչապետ Աբեն, եւ ես նրան հաջողություն եմ մաղթում»,- ասել է նա։





























