Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համարում է, որ նոր կորոնավիրուսի հիվանդությունն իր գագաթնակետին կհասնի առաջիկայում, սակայն ամեն ինչ կախված կլինի համաճարակը զսպելու ուղղությամբ երկրների գործողություններից, Ժնեւում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ճգնաժամային հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Վան Կերկխովեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, սակայն պետք է պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացման: Համաճարակի զարգացման հետագիծը կախված է յուրաքանչյուր երկրի գործողություններից: Դա կախված կլինի նրանից, թե ինչպես երկրներն ագրեսիվ կերպով կարձագանքեն առաջին դեպքերին, որոնք ի հայտ են գալիս: Սակայն մենք չենք կարող ասել, թե երբ կլինի գագաթնակետն ամբողջ աշխարհում: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա հնարավորինս վաղ»,-ասել է նա:

Մասնագետի խոսքով՝ երկրները, որոնք ներկայում ամենամեծ վնասն են կրել համաճարակի հետեւանքով, կարողացել են կասեցնել վարակվելու նոր դեպքերը: Սակայն անհրաժեշտ է զգոն լինել, քանի որ վարակը կարող է կրկնվել, համարում է փորձագետը: