Կիրակի՝ մարտի 15-ին, բախումներ են սկսվել Իսպանիայի արեւելյան լողափի տարբեր հանգստավայրերում, երբ ոստիկանությունը, կատարելով կառավարության հրամանը, փորձել է փակել սրճարանները, ակումբներն ու ռեստորանները, հաղորդում է DW-ը:
Էպիկենտրոնը հայտնի զբոսաշրջային քաղաք Բենիդորմն է: Բազմաթիվ վայրերում ոստիկանների ուղղությամբ շպրտել են սպասք եւ շշեր: Տեղական մամուլի հաղորդմամբ՝ մի քանի վայրերում ոստիկանությունը գործադրել է մահակներ ընդդեմ ագրեսիվ հանգստացողների: Ընդ որում՝ բազմաթիվ հանգստացողներ եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Կան տուժածներ:
Կեսգիշերին ոստիկաններին հաջողվել էր փակել հանրային սննդի վայրերի մեծամասնությունը քաղաքում, սակայն, չնայած արգելքին, դրանց ստվար զանգվածը շարունակում էր սպասարկել զբոսաշրջիկներին: Իրավապահներին չէր հաջողվել կատարել իշխանությունների եւս մեկ կարգադրություն՝ սահմանափակել լողափերի եւ մարդկանց զանգվածային կուտակման այլ վայրերի մուտքը:
Ինչպես Բենիդորմի բնակիչը տեղեկացրել է DW-ին, այնտեղ ստեղծվել է բարդ իրավիճակ: Հազարավոր զբոսաշրջիկներին, որոնք ամբողջ տարի հանգստացել են քաղաքում, միացել են անգլիացիներն ու իռլանդացիները, որոնք ավանդաբար ժամանում են այդ քաղաք մարտի վերջում Սուրբ Պատրիկի օրը տոնելու: Բազմաթիվ զբոսաշրջիկներ հանգրվանում են ոչ թե հյուրանոցներում, որտեղ ռեստորաններին թույլատրվում է աշխատել, այլ մասնավոր բնակարաններում եւ օգտվում են քաղաքային սննդի վայրերից: Նրանց համար այժմ բարդ կլինի բնակության վայրի մերձակայքում սնվել՝ հաշվի առնելով, որ խանութներում անհետացել է սննդամթերքը համաճարակի կապակցությամբ:
Անգամ հանգստավայրի լողափը լքելն այժմ այնքան էլ հեշտ չէ. բազմաթիվ ավիաընկերություններ կամ ամբողջովին դադարեցնում են կամ սահմանափակում են թռիչքները դեպի Իսպանիա: Այդ երկիրը գտնվում է երկրորդ տեղում Եվրոպայում Իտալիայից հետո կորոնավիրուսով վարակվածների (7753 մարդ) եւ մահացածների (291 մարդ) թվով: Իսպանիայի իշխանությունները սահմանել են արտակարգ դրություն առնվազն 15 օրյա ժամկետով: Բացի արդեն թվարկված արգելքներից, նրանք փակել են ուսումնական հաստատությունները, դատարանները, թանգարանները, դիսկոտեկերը, մարզադաշտերը: Բնակիչներին հորդորում են տանը մնալ եւ դուրս գալ միայն խիսռ անհրաժեշտ դեպքերում:





























