Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների ջերմությունը հռչակագրային բնույթ չի կրում, դրանք իրականում ջերմ հարաբերություններ են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է արվի, որ հայ-վրացական բարի-դրացիական հարաբերությունները զուտ հռչակագրային բնույթ չկրեն:
«Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ջերմ-ընկերային հարաբերություններ են գրեթե բոլոր ոլորտներում, որոնք համատեղ հետաքրքրության առարկա են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի տարանցման մասին պայմանագրի դադարեցմանը, դեսպանը նշեց. «Ես դա բացարձակապես չեմ կապում հայ-վրացական հարաբերությունների հետ, որովհետեւ դա վերաբերում է Վրաստանի եւ մեկ այլ պետության հարաբերություններին»: Նրա խոսքով, Հայաստանն այդ պայմանագրով որեւէ կերպ շահառու չէ եւ դրա լինել-չլինելը բացարձակ ազդեցություն չունի հայ-վրացական հարաբերությունների վրա:





























