Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան կառավարություններին կոչ է անում բյուջետային խթանման լրացուցիչ միջոցներ ընդունել եւ սերտ կապի մեջ լինել, որպեսզի կորոնավիրուսի պատճառով երկարաժամկետ տնտեսական վնաս թույլ չտրվի, հայտնում է Reuters-ը։
Նա նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է կենտրոնացնել 1 տրիլիոն դոլարի չափով իր վարկային պոտենցիալը, որպեսզի օգնություն ցուցաբերի 189 անդամ-երկրներին։ «Վիրուսի տարածմանը զուգընթաց՝ համակարգված եւ հավասարակշռված գլոբալ հարկային խթանման օգտին փաստարկները ժամ առ ժամ ուժեղանում են»,- ասել է Գեորգիեւան։
ԱՄՀ ղեկավարը ենթադրել է, որ 2008-2009թթ․ ֆինանսական ճգնաժամի մասշտաբներով բյուջետահարկային համակարգված գործողություններ անհրաժեշտ կլինեն։ Նա նշել է, որ միայն 2009թ․ G20-ի երկրները իրենց ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսը ուղղել են համակարգմանը, «այնպես որ դեռ շատ աշխատանք կա անելու»։
Ինչ վերաբերում է դրամավարկային քաղաքականությանը, ապա կենտրոնական բանկերը «պետք է շարունակեն սատարել պահանջարկը եւ բարձրացնել վստահությունը՝ մեղմացնելով ֆինանսական պայմանները եւ ապահովելով վարկերի հոսքը դեպի իրական տնտեսություն»։
Նա ողջունել է խոշոր կենտրոնական բանկերի միջեւ փոխանակման գծերի բացումը եւ ասել է, որ ապագայում այդպիսի փոխանակման գծեր, հնարավոր է, ստիպված լինեն տարածել ձեւավորվող շուկաներով երկրների վրա։




























