Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ` ապրիլի 22-ին հրատապ հավաք չի կազմակերպել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Նրա խոսքով` Հայաստանի երկրորդ նախագահը հինգշաբթի օրվանից`ապրիլի 21-ից մասնավոր այցով մեկնել է արտասահման, բայց Վիկտոր Սողոմոնյանը չնշեց, թե կոնկրետ ո՞ր երկիր եւ ե՞րբ կվերադառնա: Մեր հարցին, թե երեկ նրա գրասենյակում որեւէ հավաք կազմակերպվել է, Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը պատասխանեց` ոչ:

Նշենք, որ ըստ հայաստանյան մամուլի հրապարակումների` երեկ ուշ երեկոյան Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի պլազա» հյուրանոցում, որտեղ տեղակայված է նրա գրասենյակը, հրատապ հավաք է կազմակերպել։ «Առիթը, ըստ նույն լուրերի, եղել է 2008թ. մարտի 1-ի թեման։ Մեզ հասած լուրերի համաձայն, հավաքին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը և ևս մի քանիսը, ովքեր 2008-ի մարտի 1-ին կատարել են Քոչարյանի հրահանգները»,- գրել էր «Հայկական ժամանակ» թերթը: