Գերմանիայի արեւմուտքում Քյոլնի կլինիկայի պահեստից անհայտ անձինք մոտ 50 հազար պաշտպանական դիմակներ են գողացել, նշված է տեղական ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Presse Portal պորտալում:
«Քյոլնի Շանցենշտրասեի Քյոլն-Մյուլհայմում կլինիկայի լոգիստիկ կենտրոնից գողացել են մոտ 50 հազար պաշտպանական դիմակներ»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ աշխատակիցները կորուստը հայտնաբերել են երկուշաբթի եւ այդ մասին անմիջապես հայտնել ոստիկանությանը: Քաղաքի ճգնաժամային խմբի կարգադրությամբ կլինիկայի եւ շտապ օգնության ծառայության համար անհրաժեշտ պաշտպանական միջոցների բոլոր պաշարները պետք է ստուգվեն եւ պաշտպանվեն կողմնակի անձանցից:
Գերմանիայի առողջապահության նախարարության կառուցվածքի մեջ մտնող եւ երկրում համաճարակաբանական իրավիճակի գնահատմամբ զբաղվող ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 6012 եւ մահվան 13 դեպք: Ջոն Հոփքինս ինստիտուտի տվյալներով՝ երեքշաբթի համապատասխան ցուցանիշները կազմում են վարակման 7,2 հազար դեպք եւ 17 մահացած:



























