Հոլանդացի մարմնավաճառուհին քրաուդֆանդինգային էջ է ստեղծել, որպեսզի գումար հավաքի գործընկերների համար, որոնք տուժել են կորոնավիրուսի պատճառով Ամստերդամում հասարակաց տների փակվելու հետեւանքով։

Հոլանդական կառավարությունը կարգադրել է փակել սեքս-ակումբները Ամստերդամի Կարմիր լապտերների փողոցում այն բանից հետո, երբ վարակվածների թիվը հասել է 1500-ի։

Hella Dee անունով մարմնավաճառուհին, որը հոլանդական սեքս-բիզնեսի աշխատակիցների PROUD միության անդամ է, ֆինանսավորման հայտ է ներկայացրել՝ հայտարարելով, որ հասարակաց տների փակվելը անբարենպաստ ազդեցություն է թողել հոլանդական սեքս-աշխատակիցների եւ նրանց ընտանիքների վրա։

Նա ասել է, թե նախագիծը, որը մինչեւ երկուշաբթի երեկո ավելի քան 4400 եվրո է հավաքել, կօգնի մարդկանց, որոնք ուղիղ ֆինանսավորման կարիք ունեն իրենց եկամուտը կորցնելու պատճառով։ «Այս աշխատողները չունեն ֆիքսված եկամուտ, նրանք չեն ստանում վճարվող արձակուրդ հիվանդության պատճառով եւ չունեն խնայողություններ»,- գրել է նա։

Ամստերդամում հաշվվում է սեքս-բիզնեսի մոտ 25 000 աշխատակից, թեեւ այդ թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ նրանցից շատերը գաղտնի են գործում։

Սեքս-աշխատակիցների հետ համագործակցող ընկերությունները հայտարարել են, որ առնվազն մինչեւ ապրիլի 6-ը սթրիփ-ակումբների եւ հասարակաց տների փակումը շատ կանանց առանց եկամտի կթողնի։