Կառավարությունն առաջարկում է երկարացնել Իրանից եւ մի շարք այլ երկրներից ցեմենտի ներմուծման «սահմանափակումները»՝ շուկայում այս արտադրանքի գների աննախադեպ անկման պատճառով: Այս մասին մարտի 18-ին Ազգային ժողովում Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Թունյանի պարզաբանմամբ՝ խոսքն Իրանից ցեմենտի ներմուծման սահմանափակումներ մտցնելու մասին է: Կառավարությունը, մասնավորապես, խորհրդարանի աջակցությամբ մեկ տարի առաջ հաստատել էր Իրանից եւ մի շարք այլ երկրներից ցեմենտի ներկրման տուրքը, որը կազմում էր մեկ տոննայի դիմաց 14 հազար դրամ: «Այս սահմանափակումը պետք է հանվեր արդեն ապրիլին, սակայն Կառավարությունն առաջարկում է այն երկարացնել եւս 3 ամսով»,- հայտնեց Թունյանը:
Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ վերջին 2 տարում իրանական ռիալը մեծ չափով արժեզրկվել է Իրանի դեմ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով, այս երկրի տնտեսական մոդելը ենթարկվել է զգալի փոփոխությունների, ինչը հանգեցրել է էներգակիրների արժեքի անկման: Փոխնախարարի խոսքով՝ այս ամենը հանգեցրել է նրան, որ ցեմենտի շուկայում կարող է առաջանալ արտադրողների համար հավասար մրցակցային հնարավորությունների ապահովման սպառնալիք, ուստի Կառավարությունը որոշել է տեղական արտադրողներին աջակցելու նպատակով երկարացնել իրանական ցեմենտի ներմուծման հարկման գործողության ժամկետը:
Բավականին երկար քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը, բայց ժամկետի շտկմամբ: Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ծովինար Վարդանյանի առաջարկով 3 ամսվա փոխարեն, «սահմանափակումները» երկարացվելու են մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն կրկնակի քննարկման եւ նշված ժամկետի կրճատման հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է ցեմենտի 2 գործարան՝ Հրազդանում եւ Արարատում (վերջինը պատկանում է օլիգարխ Գագիկ Ծառուկյանին):





























