Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է  գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականության իրականացման նոր ժամկետն ու  կարգը

«1․ 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։

2․ 2020 թվականի հունվարի 1-ից մինչ 2020 թվականի ապրիլի 30-ը պաշտոնը ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած հայտարարատու անձանց համար պաշտոնի ստանձնման կամ պաշտոնի դադարեցման հայտարարագիր ներկայացնելու ժամկետները երկարաձգվում են մինչև 2020 թվականի մայիսի 31-ը»։

Նշվում է, որ հայտարարագրերի էլեկտրոնային հասանելիության, ինչպես նաև լրացման կարգի մասին Հանձնաժողովն անհատապես կծանուցի և կտեղեկացնի բոլոր հայտարարատու անձանց։

«Այս առնչությամբ Հանձնաժողովը հավաստիացնում է, որ համակարգի շահագործման ուշացմամբ պայմանավորված՝ հայտարարագրերի լրացման հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետում (2020 թվականի մարտի 31-ի դրությամբ) հայտարարագիր չներկայացնելը հայտարարատու պաշտոնատար անձանց համար որևէ հետևանք չի առաջացնի։

Հանձնաժողովը վստահեցնում է, որ յուրաքանչյուր փոփոխության կամ լրացուցիչ տեղեկատվության առկայության պարագայում հայտարարատու պաշտոնատար անձինք կծանուցվեն անհատապես, ինչպես նաև ընդհանուր հաղորդագրության միջոցով, ուստի հորդորում ենք հետևել Հանձնաժողովի պաշտոնական կայքի (www.cpcarmenia.am) և ֆեյսբուքյան էջի միջոցով տարածվող տեղեկատվությանը (CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով)»։