Ադրբեջանի ժողովրդին ուղղված տոնական ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի բացառել երկրում արտակարգ դրության սահմանումը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիեւը նշել է, որ կորոնավիրուսը համաշխարհային օրակարգում թիվ մեկ խնդիրն է եւ նշել է երկրի իշխանությունների ձեռնարկած միջոցները:
«Կարճ ժամանակահատվածում ձեռք ենք բերել 4 ամենաժամանակակից լաբորատորիաներ, եւ այժմ դրանց թիվը հասնում է 10-ի: Անհրաժեշտության դեպքում հավելյալ լաբորատորիաներ ձեռք կբերենք: 10 հիվանդանոց աշխատում է հատուկ ռեժիմով»,- ասել է նա՝ նշելով, որ հայտարարված կանոնները խախտելու դեպքում քաղաքացիները խիստ պատասխանատվության կենթարկվեն:
«Ցավոք, անպատասխանատվության հետ կապված փաստեր ենք արձանագրում: Տեսնում ենք սադրանքներ 5-րդ շարասյան կողմից՝ մեր թշնամիների, ընդդիմության, դավաճանների, արտասահմանից գումարներ ստացողների շրջանում: Նրանց գլխավոր նպատակն Ադրբեջանը ոչնչացնելն է: Նրանք ցանկանում են անկարգություններ հրահրել: Դեռ հայտնի չէ՝ ինչի կհանգեցնի այս հիվանդությունը, սակայն բացառված չէ, որ արտակարգ դրություն կհայտարարվի: 5-րդ շարասյանն Ադրբեջանի ժողովուրդը վաղուց ուղարկել է պատմության աղբանոցը: Նրանք այնտեղ են արդեն 30 տարի: Սակայն մենք թույլ չենք տա, որպեսզի հակաադրբեջանական ուժերը, 5-րդ շարասյունը, ազգի դավաճանները սադրանքներ կազմակերպեն: Թող բոլորը իմանան, որ մեր քաղաքականությունը միանշանակ է, մենք վճռորոշ կամք ունենք»,- հավելել է նա:





























