Վերջին տարիներին լուրջ ջանքեր են գործադրվում Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա խոսքով` գործընթացը շարունակվում է եւ դեռ կլինեն երկրներ, որոնք կճանաչեն ցեղասպանությունը: «Այդ երկրները, ճանաչելով ցեղասպանությունը, իրենց վերաբերմունքն են ցույց տալիս ոչ միայն Հայաստանի, այլեւ մարդկության հանդեպ կատարված բռնության նկատմամբ»,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին, թե Ցեղասպանության 100-ամյա տարելիցին կկարողանանք հասնել միջազգային ճանաչման, դատապարտմանն եւ փոխհատուցմանը, Հեղինե Բիշարյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ եթե ճանաչող երկրների ցանկը մեծանա, ճնշում կլինի Թուրքիայի վրա, գուցե հնարավոր լինի նաեւ փոխահատուցում ստանալ Թուրքիայից:
Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը նշում են, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը լուրջ հետընթաց է ապրել հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ, Հեղինե Բիշարյանը արձագանքեց. «Ոչ թե հետընթաց, այլ գործընթացը դանդաղ է ընթանում: Ոչ մի անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար այդքան հետեւողական վերաբերմունք չի եղել, որքան այս վերջին երեք տարում: Երկրի ղեկավարության կողմից բազմաթիվ փորձեր է կատարվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»:
Նշենք, որ ՕԵկ-ը վաղը ժամը 10.30-ին կայցելի Ծիծեռնակաբերդ:





























