Պարզաբանում Մասիս-Երեւան երթուղու գերծանրաբեռնվածության վերաբերյալ

Սույն թվականի մարտի 19-ին Facebook սոցիալական ցանցի օգտատեր Վիկա Բերբերյանը  հրապարակում էր  կատարել այն մասին, որ  Մասիս-Երեւան ավտոբուսը երթեւեկում է գերբեռնված՝ նշելով,  որ 50-ից 60 մարդ գտնվում է տվյալ ավտոբուսում, այն դեպքում, երբ անգամ հուղարկավորության եւ հոգեհանգստի ժամանակ պաշտոնապես արգելվել է 20 հոգուց ավել մարդկանց նույն վայրում գտնվելը։

Հրապարակումից հետո ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը եւ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը աշխատանքային քննարկում են ունեցել: Իսկ արդեն մարտի 20–ին ժամը 8։00-ից սկսած համատեղ ուժերով  տվյալ երթուղու ողջ երկայնքով իրականացվել են վերահսկողական միջոցառումներ, ինչպե նաեւ երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուներին  գերատեսչությունների կողմից տրվել է  պարտադիր կատարման ցուցումներ, որպեսզի արտակարգ դրության ժամանակահատվածում բացառվի երթուղու գերբեռնվածությունը։ 

Տեսչական մարմնի եւ ՃՈ կողմից առավոտից սկսված վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։