Թուրքիան առաջիկա մի քանի տարում չի ճանաչի 1915-23 թվականներին  տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Պայքարը սրվում է, մենք ունենք հստակ նպատակ, որպեսզի Թուրքիայի հասարակությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ առնվազն ներողություն խնդրի: Այսօր աշխարհի առաջատար լրատվամիջոցներն իրենց աշխատանքային օրն սկսում են Հայոց ցեղասպանության մասին նյութերով, ինչը 15 տարի առաջ կարող էր ֆանտաստիկա համարվել: Վերջին 13 տարում շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն ու դատապարտել այն»,- հայտարարել է Սաֆարյանը:

Նա նաեւ նշել է, որ այս ուղղությամբ պայքարը շատ խիստ է լինելու եւ քանի գնում ավելանում են Ցեղասպանության փաստը ճանաչելու կողմնակիցները ոչ միայն աշխարհում, այլեւ հենց Թուրքիայում:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: