Հայաստանը ծայրահեղ պասիվ է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի առաջընթացի հարցում: Այս մասին այսօր` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նշել է Արցախյան ազատամարտի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա խոսքով,  այդ ուղղությամբ ինչ որ արվել է, արվել է Սփյուռքի ջանքերով:

«Սակայն արժե նշել, որ երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք մեր երկիրն սկսել է ավելի շատ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, ինչը եւս դրական արդյունք է տվել»,- հայտարարել է Տեր-Թադեւոսյանը:

NEWS.am-ի հարցին, թե Ցեղասպանության ճանաչման ճնապարհին ո՞րը պետք է լինի հաջորդ կառուցողական քայլը, Կոմանդոսը պատասխանեց, որ առաջին քայլը պետք է լինի ազգային գաղափարախոսության ստեղծումը: «Ժողովուրդը պետք է միասնական լինի պատմական արդարության հաղթանակի համար մղվող պայքարում: նաեւ պետք է հաշվի առնել այլ ժողովուրդների փորձը, նրանց հաջող պայքարը իրենց ցեղասպանության ճանաչման գործում»,- ասաց նա, որպես օրինակ բերելով հրեաների Հոլոքոստը:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: