Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 96-րդ տարելիցին նվիրված Թբիլիսիում երեկ` ապրիլի 23-ին, ջահերով երթ է անցկացվել դեպի Թուրքիայի դեսպանատուն` «Հատուցում, արդարություն, պայքար» բացականչություններով:
Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները Վակե Զբոսայգուց ուղեւորվել են դեպի Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություն, որտեղ էլ անցկացրել են խաղաղ ակցիա եւ հանդես եկել ելույթներով, Թբիլիսիից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Մենք կոչ ենք անում գերտերություններին միանալ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման արդար դատին եւ պայքարին: Մենք նաեւ մեր եղբայր վրացիներին ենք կոչ անում, որ իրենք էլ միանան մեզ եւ Թուրքիայից պահանջենք արդարություն»,- ասել է համայնքի հոգեւոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զենալյանը:
Իսկ Վրաստանի հայ համայնքի նախագահ Սամվել Մկրտչյանն էլ նշել է, որ չնայած գրեթե մեկ դար է անցել ողբերգությունից, սակայն ոչինչ չի մոռացվել: «96 տարի է անցել այդ ողբերգությունից, բայց մենք չենք մոռացել տեղի ունեցածը եւ պայքարելու ենք մինչեւ հաղթանակ: Մենք չենք հաշտվելու այն մտքի հետ, որ մեզանից խլել են մեր հայրենիքի մեծագույն մասը»,- ասել է նա:
Ջահերով երթը նախաձեռնել էր «Վրաստանի հայերի միությունը«, որին միացել էին 4 այլ կազմակերպություններ եւ հայ առաքելական եկեղեցին:
Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 24-ին ժամը 14:00-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի կունենա խաղաղ բողոքի ակցիա «Մենք հիշում ենք եւ պայքարում ենք հանուն արդարության» խորագրով, որի ընթացքում ակցիայի մասնակիցները կպահանջեն Թուրքիայից ճանաչել Հայոց Ցեղապսանությունը:
Տեսանյութը՝ Նվարդ Հովհաննիսյանի





























