Նորվեգիայում փոքրաթիվ հայկական համայնքի անդամներն ապրիլի 24-ին ` Հայոց ցեղասպանության հիշատակի օրն այցելել են  Օսլոյի մերձակայքում գտնվող մեծ հայասեր Ֆրիտյոֆ Նանսենի Ինստիտուտի տարածք, ծաղիկներ դրել մեծ նորվեգացու շիրմին ու իրականացրել մոմավառություն:

Ներկաներից մի քանիսը երախտիքի խոսքեր են ասել Ֆրիտյոֆ Նանսենի հասցեին, այնուհետեւ երգել Հայաստանի օրհներգն ու ծածանել Հայաստանի եւ Նորվեգիայի դրոշները: Այնուհետեւ հավաքվածները քննարկել են համայնքին հուզող խնդիրներ:

Նշվել է, որ համայնքի խնդրանքով Մայր Աթոռը որոշել է պաշտոնապես հիմնել Հայ առաքելական եկեղեցու ներկայությունը Նորվեգիայում, որը կկազմակերպվի ապրիլի 29-ին:

Նորվեգիայի հայկական համայնքը տարբերվում է Եվրոպայի դասական հայկական համայնքներից, քանի որ այն համեմատաբար փոքրաթիվ ու նոր համայնք է: Այստեղ չկան հայերի 2-րդ եւ 3-րդ սերունդներ: Համայնքը հիմնականում բաղկացած է Միջին Արեւելքից ոչ շատ ուշ անցյալում ներգաղթած հայերով: Նորվեգիայում մեծությամբ երկրորդը համարվող Բերգեն քաղաքում կա նաեւ Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված եւ Հայոց Ցեղասպանությունը ոգեկոչող խաչքար, որը տեղադրվել է 2007թ. ապրիլին:

Հայկական մշակութային կազմակերպությունը եւս ծրագրում է նման խաչքար-հուշակոթող տեղադրել Օսլոյի տարածքում: Ցավոք, սակայն, նման հուշակոթող Նանսենի առանձնատան տարածքում տեղադրելու մասին հայերի դիմումը մերժվել է, քանի որ այդ տարածքը գտնվում է տեղական իշխանությունների հատուկ վերահսկողության տակ, եւ որոշում կա այդ տարածքը պահպանել իր բնական տեսքով, առանց նոր հավելումների կամ փոփոխությունների:

Ֆրիտյոֆ Նանսենը առաջին համաշխարհային պատերազմից հետո նշանակվել էր Ազգելի լիգայի փախստականների հարցերով հանձնակատար:

Նրան էր հանձնարարված մեծ պատերազմի արդյունքում փախստական ու անհայրենիք դարձած միլիոնավոր մարդկանց վերաբնակեցումը:

Նանսենի կողմից ստեղծված Նանսենյան անձնագրերի օգնությամբ միլիոնավոր փախստականներ անձը հաստատող փաստաթուղթ եւ վերաբնակեցման իրավունք ստացան, այդ թվում նաեւ երեք հարյուր հազարից ավելի հայեր: Նանսենը հատկապես անհանգստացած էր հայերի ճակատագրով: Նա քանիցս այցելել է Հայաստանը եւ գրքեր հրատարակել Հայաստանի մասին: Օրինակ, 1916-ին Նանսենը գրում է, «Ոճրագործությունը, որ սկսվեց 1915-ին չի կարող համեմատվել մարդկության պատմության ոչ մի դրվագի հետ: Աբդուլ Համիդի կողմից իրականացված ջարդերն անգամ ոչինչ են համեմատած նրա հետ, թե ինչ արեցին այսօրվա թուրքերը»: Նա իր քաղաքական եւ հասարակական կյանքի ողջ ընթացքում նվիրված մնաց հայկական հարցին համար պայքարին եւ նրա դստեր հավաստմամբ, նույնիսկ մահվան ակնթարթից առաջ նրա վերջին բառը «հայ» էր: