Միջազգային շուկաներում ոսկու տենդ է. այդ թանկարժեք մետաղի գները համարյա ամեն օր նորանոր ռեկորդներ են սահմանում։

Արդեն անցյալ շաբաթ միջազգային շուկաներում ոսկու ունցիան (31,1034 գրամ) թանկացավ 1500 դոլարից ավելի։ Այսօր՝ ապրիլի 25-ի առավոտյան ոսկու գնաճը Նյու Յորքի բորսայում շարունակվել է՝ ոսկին արժեր 1513.27 դոլար։

Ոսկու հետ միասին թանկանում են մյուս թանկարժեք մետաղները։ Արծաթի 1 ունցիան այսօր գնահատվել է 47,87 դոլար (աճը ուրբաթ օրվա համեմատ՝ 3,94 տոկոս), պլատինի ունցիան՝ 1830 դոլար (աճը՝0,54 տոկոս), պալադիումի ունցիան՝ 774 դոլար (աճը՝ 0,69 տոկոս)։

Ոսկու գնաճը հիմնականում պայմանավորված է մի քանի գործոններով՝ դոլարի եւ եվրոյի նկատմամբ անվստահության աճ, նավթի բարձր եւ անկայուն գներ, առաջատար ընկերությունների բաժնետոմսերի արժեզրկում։

Ոսկու նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճեց հատկապես այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ S&P գործակալությունը նվազեցրեց ԱՄՆ-ի պարտքային վարկանիշը։ Սա նշանակում է, որ ամերիկյան գանձապետական պարտատոմսերն այլեւս չեն կարող համարվել ամենավերին աստիճանի հուսալի, հետեւաբար՝ ներդրողների մոտ կորցնում են վստահությունը։  

Թեեւ եվրոն արժեւորվում է դոլարի նկատմամբ, եւ թվում էր, թե ավելի հուսալի ակտիվ է, սակայն ներդրողների մոտ եվրոյի նկատմամբ նույնպես վստահություն չկա։ Սրա պատճառը եվրոպական մի շարք երկրների պարտքային խնդիրներն են՝ Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա, Իռլանդիա։ Քանի դեռ Եվրոպան այս խնդիրներից չի ձերբազատվել՝ եվրոն կշարունակի մնալ անվստահելի ռեզերվային արժույթ։

Արտասահմանյան տնտեսագետների մեծ մասն այն կարծիքին է, որ ոսկու գինը մինչեւ աշուն կհասնի 1700-1800 դոլար մակարդակին։
Հայաստանի համար այս զարգացումներն այնքան էլ բարենպաստ չեն։ Հայաստանի Կենտրոնական բանկն իր պահուստներում ոսկի չունի, իսկ մասնավոր սեկտորի ոսկու դեպոզիտներն աննշան ծավալների են։ Ունենալով դոլարիզացիայի շատ բարձր աստիճան՝ Հայաստանն ուղղակի տուժում է դոլարի արժեզրկումից եւ ոսկու արժեւորումից։

Թեեւ Հայաստանում շահագործվում է մի քանի ոսկու հանք, որոնցից Սոթքի հանքավայրը համարվում է խոշոր, մաքուր ոսկու արտադրություն դեռեւս չունենք։ Այսպես՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը Սոթքի ոսկու հանքաքարը նախնական վերամշակման է ենթարկում Արարատում, իսկ վերջնական, զուտ ոսկու արտադրությունը գտնվում է Կանադայում։ Ըստ վերջին տվյալների՝ Սոթքի հանքավայրում ոսկու պաշարները գնահատված են 5 մլն ունցիա, որը կարող է մեծանալ նոր ուսումնասիրությունների հաշվին։

Նշենք, որ Հայաստանը տարեկան արտահանում է մոտ 1,6-1,8 տոննա ոսկու փոշի։

Վտանգավոր կարելի է համարել նաեւ մեր երկրի միջազգային պահուստների կառուցվածքը։ ԿԲ-ի արտաքին պահուստների մոտ 70 տոկոսը արտասահմանյան երկրների պարտատոմսեր են։ Թեեւ ԿԲ-ն համառորեն չի բացահայտում իր արժեթղթային պորտֆելի կառուցվածքը, առանց վարանելու կարելի է ասել, որ դրանց զգալի մասը ռիսկային ակտիվներ են։ Հետեւաբար՝ միջազգային շուկաների անբարենպաստ զարգացումները շարունակելու դեպքում Հայաստանը կբախվի նոր մարտահրավերների հետ։

Սամվել Ավագյան