Եմենի ընդդիմությունն ամբողջությամբ ընդունել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի` Եմենում իշխանությունը փոխանցելու ծրագիրը եւ պատրաստ է մասնակցել անցումային կառավարության ստեղծմանը: Այս մասին ապրիլի 26-ին հաղորդել է «Ռոյթերզ» գործակալությունը` վկայակոչելով Եմենի ընդդիմության իր աղբյուրին:
Եմենի ընդդիմությունը սկզբում, հրաժարվել է հաշտեցման ծրագրից եւ ժամանակավոր կառավարության ձեւավորմանն իր մասնակցությունից, սակայն «բացատրություններից» հետո համաձայնել է:
Երկրին նախագահ Սալեհի հրաժարականը պահանջող հակակառավարական ելույթները Եմենում շարունակվում են փետրվարի կեսերից:
Եմենի ուժային կառույցները զենք են կիրառել բողոքի ակցիաները ցրելու համար: Արեւմտյան լրատվամիջոցների տվյալներով, երկու ամիս շարունակվող հուզումների հետեւանքով զոհվել է 120 մարդ:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Եմենի իշխող կուսակցությունը` «Համընդհանուր ժողովրդական կոնգրեսն» արդեն հավանություն է տվել միջնորդների առաջարկներին, որը ենթադրում է երկրի նախագահ Ալի Աբդալա Սալեհի հրաժարականը 30 օրվա ընթացքում: Այդ ընթացքում երկրում կստեղծվի անցումային ազգային միասնության կառավարություն:
Կառավարության ձեւավորումից հետո Սալեհը պետք է իշխանությունը փոխանցի երկրի փոխնախագահին, իսկ ընդդիմությունը դադարեցնի ցույցերը: Արաբական երկրների նախաձեռնության համաձայն, Սալեհը պետք է նաեւ ազատվի հետագայում քրեական հետապնդումից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



























