«Ուկրաինայի պատմության մեջ կան դեպքեր, որոնց մասին հիշում են ցավով. 25 տարի առաջ ապրիլի 26-ին այդ ցավալի ցուցակը համալրվեց եւս մեկ ողբերգությամբ, որը տակնուվրա արեց հազարավոր մարդկանց կյանքեր: Այդ օրը մարդկային հնարավորությունների եւ արժանապատվության փորձության օր դարձավ, երբ կայացվեցին ոչ սովորական գիտատեխնիկական որոշումներ, էքստեմալ պայմաններում կատարվեցին մարդկանց ու տեխնիկայի աշխատանքներ»,- ասված է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան հայտարարության մեջ, որը նվիրված է Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետի 25-րդ տարելիցին:
«Չեռնոբիլում տեղի ունեցածը սարսափելի դաս եղավ ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ողջ մարդկության համար, որի հիմնական հետեւությունն այն է, որ դա երբեք այլեւս չպետք է կրկնվի:
Ուկրաինացիները շնորհակալ են բոլորին, ով արձագանքել է չեռնոբիլյան աղետին, այդ թվում 3 հազարից ավելի հայեր, որոնք մասնակցել են աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին եւ արել են ամեն հնարավորը աղետի հետեւանքները նվազագույն հասցնելու համար,-ասված է հայտարարության մեջ:
Նշվել է նաեւ, որ վթարի հետեւանքով ռադիոակտիվ աղտոտվածության ենթարկվեց ավելի քան 145 հազար քմ տարածք Ուկրաինայում, Բելառուսում եւ Ռուսաստանում: Տուժեց ավելի քան 5 մլն մարդ:
Փաստաթղթում ասվում է, որ այսօր` Չոռնոբիլի աղետից 25 տարի անց, չնայած պետության, գիտնականների ու մասնագետների զգալի ջանքերին, վթարի հետեւանքով առաջ եկած խնդիրները չեն կորցրել իրենց սրությունն ու արդիականությունը:




























