Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը «ապուշություն» է համարում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի մասին մամուլում շրջանառվող զավեշտալի պատմությունը: «Ես լրագրողների հնարած  ապուշություններով ու ախմախություններով չեմ զբաղվում: Այդ ապուշությունը արդեն որերորդ տարին է, ինչ պատմվում է, առաջին տարին չի: Ինչ որ մեկը երեւի ուզում է ինչ-որ հետաքրքիր բան ասել, ու կպնում է սուրբ բաների: Սրբություն ասելով ես քաղաքապետին նկատի չունեմ, Զատիկի մասին է խոսքը: Չի կարելի ժամանակ ծախսել էդպիսի ապուշությունների վրա»,-հայտարարեց Սարդարյանը:

Հիշեցնենք, որ թերթերից մեկն այսօրվա` ապրիլի 26-ի իր համարում  Սամվել Դարբինյանի հետ կապված ուշագրավ պատմության էր անդրադարձել: Ըստ այդմ, Զատկի տոնի օրը քաղաքապետը մտնում է քաղաքապետարան, շենքի պահակը մուտքի մոտ դիմավորում է նրան եւ ասում. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Նա գլուխը թափահարում է եւ բարձրանում իր աշխատասենյակ: Քիչ անց ներս է մտնում փոխքաղաքապետը եւ կրկնում նույն նախադասությունը. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Քաղաքապետը պատասխանում է. «Գիտեմ, նոր պահակն ասեց»: