Նիկոլ Փաշինյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից տրված հումանիտար օգնության մեջ բացակայում է մի ֆունդամենտալ գնահատական, որ նա է այսօրվա ներքաղաքական իրավիճակի հիմնական պատասխանատուն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Առաջին նախագահը չի նկատում (մանիպուլացնում է?) այն փաստը, որ ներքաղաքական իրավիճակի սրման, «սեւերի» ու «սպիտակների» բաժանելու նախաձեռնողն ու առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է, եւ որեւէ առաջարկ նախեւառաջ պետք է ուղղվի նրան։ Ու նաեւ, օգտվելով արտակարգ դրության ռեժիմից, նա ընդունում է այնպիսի օրենքներ, որոնք ավելի են խստացնում ընդդիմադիրնեին լռեցնելու եւ հետեւելու մարմաջը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատած «պատերազմը» չպետք է հնարավորություն հանդիսանա, որ Նիկոլ Փաշինյանը գլխատի իր ընդդիմախոսներին։ Իսկ գործող վարչապետը չի գիտակցում զարգացումների լրջությունը, ճգնաժամային իրավիճակում իր վերջին լայվում նա էլի շարունակում էր վեթինգի ու ՍԴ-ի մասին իր անհեթեթությունները։

Ի դեպ, Լեւեն Տեր-Պետրոսյանը լռում է նաեւ առաջին նախագահի վերահսկողության տակ գտնվող քարոզչամիջոցների մասին», գրել է Աղասի Ենոքյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որում նշել էր, որ համաճարակի պատճառով երկիրն այսօր պատերազմական վիճակում է, ընդ որում՝ շատ ավելի լուրջ եւ վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ: Տեր-Պետրոսյանը, որին փորձագետների մեծ մասը համարում է Փաշինյանի քաղաքական կնքահայրը, սկսել է խոսել ինչ-որ «երկրորդ ճակատի» մասին, որն իբր բացվել է գործող իշխանությունների դեմ, որը «թվում է՝ առերեւույթ օգտակար խորհուրդների եւ կառուցողական առաջարկների շղարշի ներքո ատելություն ու թշնամանք է սերմանում»: Այնուհետեւ հաջորդել է 75-ամյա նախկին նախագահի կոչը քաղաքացիներին՝ հետեւել ոչ միայն պարետի հրահանգներին, այլեւ առողջապահության նախարարի, որը բոլորովին վերջերս կասկածում էր կարանտինի արդյունավետությանը՝ որպես համաճարակի դեմ պայքարի մեթոդ: Տեր-Պետրոսյանը նաեւ կոչ է արել սառեցնել 2016 թվականի ապրիլյան ռազմական էսկալացիայի իրադարձությունների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, քանի որ «դրա աշխատանքն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»: Նախկին նախագահի կարծիքով՝ պետք է «վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին եւ իշխանության նոր մարմինների շուտափույթ ձեւավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը»: Նա, իհարկե, չի անվանել կոնկրետ հասցեատերերին՝ ի դեմս ԼՂՀ գործուղված ՀԿ ակտիվիստների։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հույս է հայտնել, որ «Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը»՝ այդպես էլ չհստակեցնելով, թե այդ «պայքարն» ինչում է դրսեւորվում: